Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Չեմ կարծում, որ Արագածոտնում կառուցվող ՀԷԿ-ը որեւէ բանի կխանգարի» (Տեսանյութ)

Մարտ 07,2014 14:35

«Մարդիկ երեկ չէին հասկանում՝ ինչ շինարարություն է այնտեղ կատարվում, ինչ նպատակով է այն արվում եւ մտածում էին, որ շինարարության արդյունքում կզրկվեն ոռոգման ջրից»,-այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում այսպես վերլուծեց ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն այն փաստը, որ երեկ Ապարան-Երեւան ճանապարհը փակած գյուղացիները դեմ էին դուրս եկել Օհանավան գյուղի շրջակայքում կառուցվող ՀԷԿ-ի շինարարությանը:

Պատգամավորի կարծիքով՝ պրոբլեմը կայանում է նրանում, որ ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում. «Պաշտոնատար անձինք կանգնած հինգ րոպեյվա մեջ 8 բան էին ասում: Արագահոս ենք կառուցում, արագահոս չենք կառուցում: ՀԷԿ ենք կառուցում, ՀԷԿ չենք կառուցում՝ կարծես թե ծաղրում էին: Մարդիկ անտեղյակությունից էին բորբոքվել»:

Պրն Խաչատրյանի խոսքերով՝ արագահոսը, որը Ապարանի ջրամբարի ջուրը տանում է դեպի Արզնի-Շամիրամ ջրանցքը, վերանորոգվում է եւ դրա վրա կարելի է ՀԷԿ կառուցել. «Դա ոչնչին չի խանգարում: Մարդկանց բացատրեք: Մարդիկ ուրիշ մտավախություններ ունեն: Ոռոգման համակարգը ունի թերի տեղեր, մարդիկ ստիպված այդ արագահոսից են ջուր վերցնում, որպեսզի ոռոգեն այգիները : Դրանից ջուր վերցնելու իրավունք չկա: Սա ջուր տեղափոխելու համար է, բայց քանի որ համակարգը չի աշխատում, մարդիկ ստիպված դրանից են օգտվում»: Նրա կարծիքով՝ արագահոսի վրա դրված ՀԷԿ-ը չի կարող խանգարել գյուղացիներին:

Մանրամասն՝ տեսանյութում

Լյովա Խաչատրյանն ասաց, որ ինքն այսօր առավոտյան հանդիպել է փոխվարչապետի հետ եւ քննարկել հարցը. «Փոխվարչապետը տեղյակ էր դրա մասին: Զրուցեցինք եւ եկանք այն եզրակացության, որ այսօր դեռեւս ՀԷԿ կառուցելու խնդիրը դրված չէ: Երբ ստանանք թույլտվություն, միայն դրանից հետո կսկսենք կառուցել»:
Սակայն պրն Խաչատրյանը նաեւ ասում է, որ արդեն կառուցելու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը եւ նախագծերը պատրաստ են:

Ասուլիսին ներկա «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանն էլ ասաց, որ ՀԷԿ-ի կառուցումը օրենքով ամրագրված չէ. «Մենք եւս մեկ անգամ ականատես եղանք այն բանին, որ գործունեությունը կատարվում է առանց օրենքի:
Այսինքն, սկսվել է բավականին լուրջ շինարարական աշխատանք: Ըստ էության, եթե կառուցում են երկու մետր տրամագծով խողովակաշար, դա, միանշանակ, բնապահպանական փորձաքննության պետք է ենթարկել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31