«Մշակութային ժառանգությունը հայելու համար էր, այն դիտելու համար էր, հիանալու համար էր, այսօր փորձում են ճանապարհներ փնտրել մշակութային ժառանգության դերակատարումը ժամանակակից գործընթացներում ակտիվացնելու համար»,- մարտի 7-ին «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հնագետ Համլետ Պետրոսյանը:
«Մեզ մոտ մշակութային ժառանգություն ասելիս շատ հաճախ պատկերացնում են բացօթյա, անշարժ հուշարձանները: Իրականում այդ ժառանգությունը ներառում է նաև ոչ նյութական ժառանգության ողջ շերտը: Այս տեսակետից լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած: Դեռ շարունակվում է խորհրդային տարիների հիմնարար ընկալումը, որ ժառանգության տերը պետությունն է: Եվ նրա հանդեպ վերաբերմունքն ու պատասխանատվությունը պետությանն է պատկանում: Բայց պետությունը կարո՞ղ է ամեն մի հուշարձանի վրա պահակ դնել: Դրա համար մշակութային քաղաքականության մեջ պետք է էական փոփոխություններ կատարվեն: Մշակութային ժառանգությունը պատկանում է հասարակությանը, այդ ժառանգությունը պահպանելու հիմնական լծակներն էլ պետք է պատկանեն հասարակությանը»,- ասաց պրն Պետրոսյանը:
Հնագետը նաև անդրադարձավ Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցելու հարցին: Նա նշեց, որ համաձայն է այն կարծիքի հետ, որ այսօր պետական որոշ կառույցներ անձնավորված են, «օլիգարխացված» են, որ իրենց հսկողության տակ գտնվող պետական տարածքները սեփականացված են: «Ես 8 տարի մասնակցել եմ Գառնու հնագիտական հետազոտմանը: Գառնին պատմամշակութային և պատմական լանդշաֆտային հուշարձան է: Գառնիի հնավայրը ողջ ամրոցն է, որը ներառում է թե′ տաճարը, թե′ պալատական կառույցները, թե′ բաղնիքը, թե′ զվարթնոցատիպ եկեղեցու մնացորդները և բազմաթիվ այլ բաներ: Թե′ մշտական, թե′ ժամանակավոր կառույց, թե′ մեծ դրոշակ, թե′ փոքր դրոշակ. այն ամենը, ինչը կարող է մեր մտածելակերպը, հայեցակետը նույնիսկ որևէ կետում խանգարեն, դա միանշանակ անընդունելի է: Եվ համապատասխան կառույցի առաքելությունը հենց դա է, այլ ոչ ուրիշ բան: Զբոսաշրջությունը հուշարձանը պահապանող կազմակերպության առաջնային խնդիրը չէ»,- ասաց պրն Պետրոսյանը:
Վարդուհի ԲԱԼՅԱՆ