Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի հաղորդումը ԱԺ-ում կլսվի եւ կընդունվի «ի գիտություն»

Մարտ 07,2014 13:50

Այն բանից հետո, երբ փոխվեց Հայաստանի գլխավոր դատախազը եւ Ազգային ժողովը բավականին յուրօրինակ կերպով քվեարկեց  հօգուտ Գեւորգ Կոստանյանի թեկնածության, որը ԱԺ ամբիոնից ի պատասխան ԱԺ նախագահի հարցի հայտարարեց, որ իր համար ամենեւին խնդիր չէ տարին մեկ անգամ հանդես գալ Ազգային ժողովի առաջ՝ դատախազության տարեկան գործունեությունը ներկայացնելով, օրակարգային խնդիր դարձավ ԱԺ վաղեմի երազանքը՝ գլխավոր դատախազի հաղորդումը պառլամենտում լսելը, օրինական հիմքերի վրա դնելը :

ԱԺ բոլոր խմբակցություններից ընդգրկված պատգամավորների մասնակցությամբ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում եւ դատախազության մասին օրենքում փոփոխություններ նախաձեռնվեցին, որոնք թույլ կտան գլխավոր դատախազի տարեկան հաղորդումները լսել ԱԺ-ում: Հիշեցնենք, որ այս օրինագծին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, սակայն հետո, ԱԺ-ում արդեն արդարադատության նախարարը հայտարարեց, որ կառավարությունը խնդիր չունի, քանի որ առաջին ընթերցման էր ներկայացվել բավականին ձեւափոխված տարբերակ: Այս հարցի վերաբերյալ պառլամենտում թեժ քննարկումներ կայացան  : Ընդ որում՝ օրենքի համահեղինակներից մեկը՝ Դավիթ Հարությունյանը, հանել էր իր ստորագրությունը օրինագծից եւ նրա փոխարեն օրենքի համահեղինակ էր դարձել Հովհաննես Սահակյանը, որն էլ այսօր որպես համահեղինակ ներկայացրեց օրենքը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին՝ երկրորդ ընթերցման դնելու:

Նիստի ժամանակ հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց այդ նախագծին , համաձայն որի՝ «Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ մեկամսյա ժամկետում ընդգրկում է Ազգային ժողովի  չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում»: Ըստ էության, այստեղ որեւէ խոսք չկա այն մասին, թե Ազգային ժողովը հաղորդումը լսելուց հետո ի՞նչ է անելու, ենթադրվում է, որ ուղղակի «ի գիտություն» է ընդունելու այդ հաղորդումը:

Պետաիրավական հանձնաժողովում քննարկումների ընթացքում որոշվեց փոխել «ուղարկում է մշտական հանձնաժողովներ» արտահայտությունը եւ բավարարվել՝ «դրվում է շրջանառության մեջ» ձեւակերպմամբ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31