Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի սիրաբանությունը հասարակությանը ոչինչ չի տա

Մարտ 07,2014 13:47

Հայաստանի արտաքին քաղաքականությունը բավականին խուլ, կույր եւ կամազուրկ է: Այն մշակվում է Մոսկվայում ու դրա վկայությունը սեպտեմբերի երեքի հայտարարությունն է: Այսօր իր կարծիքը «Հայացք» ակումբում բարձրաձայնեց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը: «Ինչքան էլ ոմանք համարեն, որ Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցությունն անշրջելի է, ուկրաինական իրադարձությունները հակառակն ապացուցեցին`ցույց տալով նաեւ, որ ՌԴ-ի թվացյալ հզորությունը միֆ է: Ցանկացած պետություն, որն ուժի վրա է հենվում, սնանկ եւ անապագա է: Ուկրաինացի ժողովուրդը, կարծում եմ հաղթեց»,- ասաց բանախոսը`ցավալի համարելով ՀՀ իշխանությունների լռությունը, ինչը խոսում է նրանց վարած արտաքին քաղաքականության սնանկության մասին:

Իսկ ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքը, Կարեն Կարապետյանը համարում է «երկու կուսակցությունների սիրաբանության օր», ինչը հանրության կյանքում ոչինչ չի փոխելու. «ՀՀԿ-ին ԲՀԿ-ով փոխարինումը մեր հասարակության եւ մտածողության մեջ փոփոխություն չի բերի»,- կարծում է բանախոսը`հավելելով, ԲՀԿ-ն նույնքան պատասխանատվություն է կրում մարտիմեկյան իրադարձությունների համար, որքան ՀՀ-ն:

Մարտի մեկի խորհուրդը թողած այդ օրը նման հանրահավաք անցկացնելը նա նույնպես ճիշտ չի համարում: «Ինձ համար անհասկանալի է Իվանիշվիլի-Ծառուկյան համեմատությունը: Հավանաբար, Տեր-Պետրոսյանն ունի տեղեկություն, որ Իվանիշվիլին իր կողմնակիցներին համազգեստ է հագցրել եւ հանել խաղաղ ցուցարարների դեմ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ընդհանրապես, Հայաստանի բարեկեցությունն այսուհետ, ըստ նրա, երեք նախագահների եռանկյունուց դուրս պետք է լինի: Նա կարծում է, որ քաղաքական սերնդափոխություն է պետք Հայաստանին, որ քաղաքական գործիչներն այլեւս լենինյան պատվիրաններով չդիմեն ժողովրդին: «Մեր ժողովուրդը ծախու չէ: Նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք միշտ էլ վճռորոշ են եղել, մարդիկ միշտ էլ կանգնել են ու պաշտպանել են իրենց իրավունքը: Հինգ հազար դրամները սկսել են դեր խաղալ, երբ ժողովուրդը հիասթափվել է տվյալ պահին, տվյալ գործչից: Եթե ոչինչ չի ստացվել, ապա մեղավոր են եղել տվյալ պահի գործիչները: Պետք չէ սեփական պարտության համար վիրավորել մի ողջ հանրության: Եթե դու գտնում ես, որ հանրությունը ծախու է`հրաժեշտ տուր քաղաքականությանը եւ զբաղվիր այնպիսի գործով, որտեղ քո ամբիցիաները չեն վիրավորվի»,- հակադարձելով նման դիտարկումներ անող գործիչներին, ասաց Կարեն Կարապետյանը:

Ի դեպ, ՀՀՇ անդամները մարտիմեկյան հանրահավաքին չեն մասնակցել, բայց երեկոյան, ծաղիկներ են դրել Մյասնիկյանի արձանի մոտ:

Aravot.am-ի հարցին`ներկայումս որոշ գործիչներ եւ վերլուծաբաններ գտնում են, որ Արցախյան հարցի լուծումը պետք է Ղրիմի օրինակով լինի, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ Ղրիմի եւ Արցախի մեջ որեւէ համեմատություն գոյություն չունի. «Զորիբալայանական այդ մոտեցումը սխալ է: ԼՂՀ-ի ժողովուրդն իր ինքնորոշման համար է պայքարի դուրս եկել: Իսկ Ղրիմի ժողովուրդը չի ինքնորոշվել, այլ այնտեղ տեղակայված ռուսական ռազմաբազաները դուրս եկան իրենց լիազորությունների շրջանակից: Արցախի հարցի նման ձեւով լուծումը կլինի Արցախի ինքնորոշման թաղումը»:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31