ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:
Հանձնաժողովը ղեկավարում է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, կազմում ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Կարբի եւ Օհանավան համայնքներում ոռոգման համակարգի փաստացի իրավիճակը, գնահատականներ ներկայացնի ներքին ցանցի եւ ջրի հասանելիության տեխնիկական վիճակի, հողօգտագործողների եւ ՋՕԸ-ի իրավահարաբերությունների, ոռոգման ջրի նվազագույն պահանջարկի եւ ոռոգման արագահոս համակարգի վերակառուցման նախագծի վերաբերյալ, ինչպես նաեւ բացահայտի հնարավոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ առաջարկվող էներգետիկ ծրագրի իրականացման ընթացքում: Հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաեւ ԱԺ պատգամավորներ, նշված համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական եւ միջազգային փորձագետներ: Ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները հանձնաժողովը կներկայացնի կառավարությանը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին