Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ արդեն պատրաստ է եւ նախագահի հաստատմանն է ուղարկվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հայեցակարգը: Թե ի՞նչ բովանդակության փոփոխություններ են լինելու մեր Սահմանադրության մեջ՝ դեռ պարզ չէ: Ավելին, պարզ չէ անգամ հայեցակարգի բովանդակությունը:
Նշենք, որ հայեցակարգը հավանություն ստանալուց հետո տասն ամսվա ընթացքում արդեն կմշակվի բարեփոխումների ամբողջական փաթեթը: Բարեփոխումները, ըստ նախնական տեղեկությունների, միտված են նախագահական կառավարման համակարգից սահուն կերպով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուն: Այդ դեպքում, ըստ որոշ վերլուծաբանների, Սերժ Սարգսյանը շանս կունենա ապագայում եւս ղեկավարել երկիրը՝ արդեն որպես վարչապետ:
Քանի որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները անցել են ամուր փակված դռների հետեւում՝ հասարակությանը գրեթե ոչինչ հայտնի չէ նրանց աշխատանքների մասին: Միայն պարբերաբար հանձնաժողովը կցկտուր տեղեկություններ է հրապարակում՝ անցկացրած նիստերի մասին:
Այսօր փորձեցինք այդ հանձնաժողովի անդամ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից որոշ տեղեկություններ կորզել, սակայն՝ ապարդյուն: Պարոն Հարությունյանը միայն ասաց, որ հանձնաժողովի աշխատանքները «արդյունավետ» է գնահատում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է նրան, թե ե՞րբ այդ հայեցակարգը կհրապարակվի, ե՞րբ հասարակությունը կծանոթանա դրա բովանդակությանը, ապա պարոն Հարությունյանն ասաց, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ