Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտական խմբի ղեկավար, հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում խոսեց մեր երկրի քաղաքականության մեջ գիտության դերի մասին: Բանախոսն անդրադարձավ նաեւ երիտասարդների կողմից մասնագիտություն ընտրելու հեռանկարներին:
«Այս թեմայով ինձ անպայման փորձեցին ներքաշել քաղաքականության մեջ,-ժպտաց պարոն Միքայելյանը,- գիտությունը, քաղաքականությունը եւ մշակույթը անբաժան պետք է լինեն: Երկրի քաղաքականությունը կառուցելիս պետք է նկատի ունենալ երկրի առաջնահերթությունները: Իսկ Հայաստանի մասին խոսելիս պետք է խոսել առաջին հերթին մշակույթի մասին: Անգամ մի առիթով աստղագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահին եմ ասել, որ կարող է այլ նախագահների կողքին հպարտ զգալ, որովհետեւ ներկայացնում է մշակութային, պատմական հզոր արժեքների երկիր: Մենք շատ ավելի կարեւոր դեր ենք խաղում այս առումով աշխարհում: Ինչ վերաբերվում է գիտությանը, այն եւս առանցքային դեր ունի քաղաքականության մեջ: Մշակույթ ասելով, ցավոք, հաճախ հասկանում են նախարարությունը, բայց մշակույթը ոչ միայն արվեստն է, այլեւ գիտությունը: Ինչ ունենք-չունենք հենց գիտության շնորհիվ է»:
Պարոն Միքայելյանի ձեւակերպմամբ, Հայաստանը առավելություններ ունի տասնյակ պետությունների թվում. «Առավելություններից մեկը հենց բարձր զարգացած գիտությունն է այս խեղճ վիճակում: Այդ առումով մենք շատ ավելի առաջ ենք, քան մի 150 պետություն: Աստղագիտության զարգացման մակարդակով Հայաստանը աշխարհում գտնվում է 25-30-րդ տեղում: Եթե ֆուտբոլից մեր հավաքականը բարձրանում է մինչեւ 40-րդ հորիզոնական, հպարտանում ենք: Եվ սա այն դեպքում, երբ բնակչության թվով 135-րդ տեղում ենք: Դառնալով գիտությանը՝ հավելեմ, որ գիտության բնագավառում շեշտը դրել ենք համագործակցության վրա՝ գիտության այլ ճյուղերի հետ: Աստղագիտության առանձնահատկությունն է դա: Այսօր զարգանում է հիմնականում բազմաալիքային աստղագիտությունը: Ընդամենը մեր մեկ հնարամիտ ծրագրով ամերիկացիների դիտակով կարող ենք հայտնագործություն ունենալ, ինչպես այդ համագործակցության արդյունքում մեր ծրագրով, բայց ամերիկյան դիտակով հայտնաբերվեց 32 նոր գալակտիկա, որոնց ինֆրակարմիր ճառագայթումը ամենահզորն է: Հայկական գիտությունը սերտորեն կապված է համաշխարհային գիտության հետ»:
Համատեղ ծրագրերի թվում Արեգ Միքայելյանը նշեց հայ-ռուսական ծրագիրն է՝ տիեզերական «աղբի» հետ կապված, Բյուրականի աստղադիտարանի 2,6 մետրանոց դիտակի վերանորոգումը: Ասաց, որ հաջորդ քայլը պետք է լինի լավ սարքավորումներ գնելը, որը թույլ կտա բարձրացնել դիտակի արդյունավետությունը:
Կարդացեք նաև
«Եթե հայ աստղագետը ունի հնարամիտ ծրագիր, կարող է իրականացնել այլ երկրների հզոր դիտակներով ու աստղագիտական սարքերով: Եվրոպայում անգամ հզոր երկրները միավորված են աշխատում, օրինակ` Չիլիում տեղադրված 8 մետրանոց դիտակով համատեղ գիտական ծրագրեր են իրականացնում»,-փաստում է պարոն Միքայելյանը:
Խոսելով մասնագիտություններից ու երիտասարդների նախասիրություններից, նշում է, որ մեր երիտասարդները լուրջ թերություն ունեն, քանի որ միայն այսօրվան են նայում. «Ես կարող եմ պնդել, որ հաշվապահը մի քսան տարի հետո պետք չի գալու ոչ մեկին: Հաշվարկի ու ուժի հետ կապված մասնագիտություններն այլեւս պահանջված չեն լինի առաջիկայում: Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ զարգացած այլ երկրների փորձը դա է փաստում»:
Ամփոփելով իր խոսքը, ճանաչված աստղագետը այսպես եզրափակեց այն. «Ցավոք, խելացի մարդը ոչ մի ոլորտում չի գնահատվում Հայաստանում: Մեր լավագույն «բիզնեսմենները» չեն փայլում ինտելեկտով: Դա նշանակում է, որ անազնիվ ճանապարհով են հարստացել եւ որեւէ հեռանկար չունեն մեր բիզնեսը զարգացնելու համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ