ԵԿՄ անդամ, 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը (Պոլկովնիկ) Aravot.am-ի հետ խոսելուց խուսափում է: Արդեն մի քանի օր է, նա պատասխանում է, թե շատ զբաղված է, անհարմար պահի ենք զանգել եւ անջատում հեռախոսը:
Հիշեցնենք, որ պարոն Ավագյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ 90-91թթ, երբ Տարոն Մարգարյանի տարիքը չէր ներում, որ հրացանն առներ ու կանգներ առաջին գծում, մարդկանց զենք ու զինամթերք էր հասցնում:
Իսկ մենք փորձում էինք նրանից պարզել, թե ինչու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին ավելի վաղ տարածած իր այդ տեղեկությունները Տարոն Մարգարյանի հերքելուց հետո, ինքն էլ ժխտում:
Նա երեկ մեզ հետ զրույցում միայն ասաց, որ ինքը նման տեղեկություններ կարող էր ասել երկու դեպքում. «Կամ հարբած պետք է լինեի կամ հիվանդ»:
Կարդացեք նաև
Ֆրունզե Ավագյանն, ամենայն հավանականությամբ, չէր հաշվարկել, որ 90-91 թթ Տարոն Մարգարյանը 12 տարեկան էր: Նրա մատնանշած թվականները մենք համեմատեցինք քաղաքապետի ծննդյան տարեթվի հետ` պարզելու, թե քանի տարեկան էր, երբ «Պոլկովնիկի» պատմելով, պատերազմի ժամանակ հերոսություններ էր անում:
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը իր մասին «Պոլկովնիկի պնդումները անհեթեթ տեղեկություն էր համարել եւ հերքել:
Դրանից հետո նախօրեին News.am– ի հետ զրույցում իր ասածներից հրաժարվեց նաեւ պոլկովնիկը` ասելով, թե ինքը Տարոն Մարգարյանի պատերազմին մասնակցության մասին տեղեկություն չունի, ոչինչ չի կարող ասել:
Իսկ Տարոն Մարգարյանի վերաբերյալ Ֆրունզե Ավագյանի ավելի վաղ արած պնդումները ներկայացնում ենք ձայնագրությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ