Երեկ կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Սույն նախագծով, ըստ էության, սահմանափակումների են ենթարկվում Վերահսկիչ պալատի նախագահի եւ կառույցի այլ պաշտոնատար անձանց լիազորությունները։
Նախարարը նշել է, որ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում մի շարք չկարգավորված առանցքային հարցեր կան, որոնք իրավական պրակտիկայում բազմաթիվ տարընթերցումների տեղիք են տվել։ «Մասնավորապես՝ օրենքում տեղ չեն գտել ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներով սահմանված մի շարք կարեւոր դրույթներ։ Համաձայն գործող ստանդարտի՝ Վերահսկիչ պալատի տարեկան, ինչպես նաեւ ընթացիկ հաշվետվություններում, Վերահսկիչ պալատի հայտարարություններում, ելույթներում չպետք է տրվեն իրավական կամ քաղաքական գնահատականներ, համապատասխան հաշվետվությունները պետք է սահմանափակվեն փաստի վերհանմամբ եւ հայտնաբերված խախտումների գրառմամբ, մինչդեռ նման սահմանափակում նախատեսված չէ գործող օրենքում», հայտարարել է Հրայր Թովմասյանը։
Փաստորեն, ստացվում է, որ Իշխան Զաքարյանը այն ժամանակ ոչ էլ գերազանցել է իր լիազորությունները։ Այսինքն՝ միանգամայն օրինաչափ եւ օրենքի ոգուն համապատասխան է եղել Զաքարյանի՝ քաղաքական գնահատականներ եւ կարծիք հնչեցնելու իրավունքը։ Մինչդեռ, սովորության համաձայն, Սերժ Սարգսյանն էլի «թարս բուսնած խիյարի» կարգավիճակում է հայտնվել՝ ի լուր աշխարհի հայտարարելով, թե ՎՊ նախագահը իրավունք չուներ կարծիք հայտնելու։ Հիմա, Տիգրան Սարգսյանի քավորությամբ, օրենք է փոխվում, որպեսզի այլեւս որեւէ ՎՊ նախագահ չհանդգնի խոսել պետական թալանի մասշտաբների մասին՝ անգամ թվերով։ Որովհետեւ, եթե որեւէ մեկը դարձյալ հանդգնի խոսել չարաշահումների մասին եւ խոսել թվերի լեզվով, ապա դա վերստին կարող է կարծիքի արտահայտում դիտարկվել՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում