Բազմաթիվ քաղաքացիներ, դիտորդներ ու վերլուծաբաններ կարծիք են հայտնել կիևյան Մայդանի դեպքերի առթիվ, և նրանցից շատերի կարծիքով` ուկրաինական ընդդիմության ամենաէական բացթողումը միասնական առաջնորդի բացակայությունն էր:
Հակառակ կարծիքն էլ կա: Ըստ հակառակ կարծիքի, եթե ուկրաինական ընդդիմությունը մեկ որոշակի ու վերջնական առաջնորդ ունենար, շատ հնարավոր է` Մայդանում անհամեմատ քիչ թվով ժողովուրդ հավաքվեր` հիմնականում միասնական առաջնորդի համակիրներն ու կողմնակիցները:
Այդուհանդերձ, Ուկրաինայում, նույնիսկ անկախ այսօրվա իրավիճակից, ընդդիմության միասնական առաջնորդի հարցն ավելի քան հասունացած էր` հենց թեկուզ այն պատճառով, որ իրենց հերթական նախագահական ընտրություններին առանձնապես շատ ժամանակ չէր մնացել, էլ չասած, որ իրենց մոտ գործը հերթական ընտրություններին չհասավ:
Չնայած Ուկրաինայում տիրող վիճակն էականորեն է տարբերվում Հայաստանում տիրող իրավիճակից, այդուհանդերձ, զուգահեռներ անցկացնողներ կան, և զուգահեռներ անցկացնողների կարծիքներն էլ են էականորեն տարբերվում իրարից: Մեր արևմտամետները համոզված են, որ Հայաստանի ընդդիմությունը պիտի Ուկրաինայի ընդդիմության ճանապարհով գնա` ընդհուպ վերջնական Եվրոինտեգրում, բայց, այսուհանդերձ, պայքարի իմաստով մեր արևմտամետները միասնական չեն, որովհետև մեր արևմտամետները Ռուսաստանին ու Մաքսային միության տեսլականին կտրականապես դեմ լինելով` առանձնապես դեմ չեն Հայաստանի իշխանություններին և գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Եվ ընդհակառակը, Հայաստանի ընդդիմադիրներից նրանք` ովքեր Հայաստանի իշխանությունների հրաժարականն են պահանջում, առանձնապես դեմ չեն Ռուսաստանին ու Մաքսային միության գաղափարին, կամ էլ` այդ թեմայից հնարավորինս խույս են տալիս:
Կարդացեք նաև
Այսինքն, քաղաքական առումով Հայաստանում ստեղծված իրավիճակը կարելի է միանգամայն աննորմալ համարել, և, ըստ ամենայնի, ստեղծված իրավիճակի աննորմալությունն է հիմնական պատճառը, որ Հայաստանում ոչ ընդդիմությունն է գաղափարական առումով միասնական, և ոչ էլ` իշխանությունը: Եվ չնայած կենսաթոշակային խնդրի առումով մեր ընդդիմությունը տարեսկզբին որոշակի միասնականություն հանդես բերեց, այդուհանդերձ, էդ միասնական եզակի հանրահավաքը դեռևս բավարար հիմք չի տալիս մտածելու, որ այդ միասնությունն ու միասնականությունը լուրջ շարունակություն կունենա: Մանավանդ որ` միասնական էդ դեռևս եզակի հանրահավաքի նախաձեռնությունը ոչ թե ընդդիմությանն էր, այլ` երիտասարդ ու անկուսակցական ակտիվիստներինը: Բայց երիտասարդների ակտիվությունը միանգամայն բավարար է, որպեսզի կուսակցությունները ևս ճարահատյալ միավորվեն ու իրենց ակտիվությունը պահպանեն, որովհետև եթե երիտասարդ ակտիվիստների ակտիվությանը կուսակցականները չարձագանքեն, կուսակցությունների դերն ու նշանակությունը կարող է կտրուկ նվազել: Եվ արդեն քաղաքացիական ակտիվիստներն էլ են սկսում հասկանալ, որ, առանց կուսակցությունների աջակցության, իրենք դժվար թե որևէ հաջողության հասնեն` մանավանդ Ազատության հրապարակը լցնելու առումով: Եվ կարծես թե բոլորը ներքուստ զգում ու գիտակցում են, որ այս պահի դրությամբ «Ազատության» հրապարակը լցնելու մենաշնորհը հիմնականում ԲՀԿ-ինն է, ու նաև էդ հանգամանքն է պատճառը, որ բոլորն իրար հասցեին ինչ ասես ասում են, բայց Բարգավաճի հասցեին չափազանց զգուշորեն են արտահայտվում: Եվ չնայած դեռևս այլընտրանքային ԲՀԿ-ն իր ընդդիմություն լինելու հետ կապված որևէ հայտարարություն չի արել, կենսաթոշակայինի հարցում քաղաքացիականների ու խորհրդարանական ընդդիմության կողքին էր:
Այսինքն, կյանքը ցույց է տալիս, որ եթե շահերը համընկնեն, ընդդիմադիր կուսակցությունները ոչ միայն իրար չեն անվանարկի ու պախարակի, այլև իրար հետ լավ էլ կհամագործակցեն: Եվ եթե շահերը թելադրեն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ոչ միայն իրար չեն վարկաբեկի, այլև միմյանց հասցեին հաճոյախոսություններ էլ կշռայլեն, և եթե մեր ընդդիմադիրների շահերն ընդհանրանան, մենք ոչ թե ընդամենը մեկ արմատական ընդդիմություն կունենանք, այլ` միանգամից մի քանի: Այլընտրանքային ԲՀԿ-ն էլ ներառյալ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ