Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց արտասուքների մեջ ես աղ չեմ տեսնում, հատկապես դաշնակների»

Մարտ 07,2014 14:50

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը` ընկեր Բագրատյանի, «չուժակների», «իռլանդական պռագուլկաների»,  ոչ իշխանական ուժերի համագործակցության, Տեր-Պետրոսյանի դրվատանքների եւ ուկրաինական դասերի մասին:

– Մարտի մեկի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը դրվատանքով խոսեց գործող պառլամենտի մասին` ասելով, որ այն մտքեր գեներացնող մարմին է: Դա այդպե՞ս է:

– Մարտի մեկի հանրահավաքին ես հանձն առա ներկա լինել` հարգանքի տուրք մատուցելով ոչ միայն մեր քաղաքակրթության, դեմոկրատիայի ջատագովներին եւ նահատակներին, այլեւ ուզում էի շոշափել հասարակության քաղաքական զարկերակը, հասարակական տրամադրությունները` ուկրաինական այս կեղծ հեղափոխության թոհուբոհում:

Լեւոն Հակոբիչի ելույթն ուշադիր լսեցի: Նա հետաքրքիր ֆրազա ասեց` պետք չէ հրապուրվել գաղափարական թեզիսներով, գաղափարներով ընդհանրապես: Ասաց, որ այսօր պետք է ավելի շատ պառլամենտական համագործակցությանը տուրք տալ, եւ ողջունում էր չորս ուժերի համագործակցությունը: Բայց ես կարծում եմ, որ այդ չորս ուժերի միությունն անհնարին է, պիղծ է, սուտ:

– Ինչո՞ւ:

– Ինչպես Փափազյանը կասեր` ամեն սեւ բան Օթելլո չի, այնպես էլ` ամեն մի ողբերգակ չէ, որ կարող է լինել իր ժողովրդի բարեսիրտ նվիրյալ: Առավել եւս` ընդդիմություն: Այն կեղծ ու պիղծ պատրանքները, թե մենք Իվանիշվիլի ենք հայտնաբերել՝ հանձին Ծառուկյանի, վուլգար, ոչ կշռադատված դատողություններ են: Հարյուր տոկոսանոց սիրախաղ: Այդ չորս ուժերը իրարամերժ են, ոչ մի գաղափարական ընդհանրություն չունեն: Ընդամենն ուզում են, որ մինչեւ 2017 թվականը մնան «ջրի երեսին»՝ որպես ընդդիմություն: Ոչինչ ավելին: Այս տեսակետից նրանք նաեւ բացարձակապես նպատակ չունեն արդի փուլում իշխանափոխություն իրականացնելու: Նրանց արտասուքների մեջ ես աղ չեմ տեսնում, հատկապես դաշնակների:

– Արդեն տեւական ժամանակ է, ինչ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը քննարկում են իշխանափոխության փուլային տարբերակը, որի մեկնարկը, հավանաբար, կտրվի կառավարության հրաժարականի պահանջով:

– Եթե նրանք իսկապես ուզում են խաղաղ ճանապարհով իշխանափոխություն վերեւից, ոչ թե ներքեւից` ժողովրդական բարիկադների, արյունոտ շահատակությունների միջոցով, ուղղությունը մեկն է` շպրտում են 44 մանդատները` առաջ բերելով պառլամենտական ճգնաժամ` հրապարակախոսական ինստիտուտում պարտադրելով արտահերթ պառլամենտական ընտրություն:

Բայց նրանք երբեք մանդատները չեն շպրտի, համագործակցության որեւէ հայտարարություն չեն անի: Այդ ուժերին դարձնել հուսո աստղ եւ ապավինել նրանց` ինքնախաբեություն կլինի: Առավել եւս Ծառուկյանը, ով անգամ չհամարձակվեց իր համագումարում կառավարության հրաժարականի հարց դնել: Այդ մարդը ձեռնարկատիրական կապիտալի կարկառուն ներկայացուցիչ է, բայց քաղաքականությունն իր ոլորտը չէ: Քաղաքականության մեջ հաղթում է նա, ով ունի բարձր բանականություն, աստվածային արդարադատություն եւ երկաթյա կամք:

– Ի՞նչ խաղ է տանում Գագիկ Ծառուկյանը եւ ինչո՞ւ:

– Գաղափարական-քաղաքական առումով ինքնուրույն մարդ չէ Ծառուկյանը: Նա գտնվում է երեք տերերի ազդեցության որոգայթում: Մի կողմից՝ նրա գլխին կախված է կուլակաթափության գիլյոտինը` նախագահին հլու-հնազանդ չծառայելու համար: Մյուս կողմից՝ ռետրոգրատ կապերի մեջ է նախկին նախագահի հետ` կապիտալի գործառույթներում, իսկ ԱԺ նախագահի հետ կապկպված է խնամիական կապերով: Երբեք ու երբեք նա ըմբոստության ու ապստամբության դրոշը չի կարող բարձրացնել: Ամենակարեւորը` նա չունի այն նախօրոք նախապատրաստված վերնաշենքը, որով կարող է գալ իշխանության:

– Այսինքն՝ ի հեճուկս ընդդիմադիրների ոգեւորության, այս իրավիճակը դեռ երկա՞ ր կշարունակվի:

– Վերջերս Մոսկվան` Նարիշկինի գլխավորությամբ, հայտարարեց, որ եկել է ժամանակը, որպեսզի ամփոփենք 25 տարվա անցած լիբերալ ուղին եւ նոր պետական մեքենա ձեւավորենք: 1991-ին Արեւմուտքի` լիբերալ-բուրժուական դեմոկրատիայի դրոշի տակ պարտադրած ռեֆորմների սրբագրելու ժամանակն է: Նարիշկինի ելույթի տեսահոլովակին մոնտաժել էին Լենինին` «ՆԷՊ»-ի իր ելույթով: Նարիշկինը բառ առ բառ կրկնում էր այն, ինչն արդեն վեց տարի ես այստեղ թմբկահարում եմ` փոխել Սահմանադրության տնտեսական բլոկը, ամրագրել, որ պետության գլխավոր ֆունկցիան պետք է կայանա նրանում, թե նյութական բարիքների վերարտադրման ո՞ր ոլորտում սեփականության ո՞ր ձեւն է արդյունավետ, ո՞ր ոլորտը պետք է տալ սեփականության որ ձեւին: Ավելին ասեմ, 25 տարվա անցած լիբերալ ճանապարհի բարոյական սրբագրումն այսպես բնութագրեցին` պետական դավաճանության եւ պետական դավաճանների, հավատուրացների եւ հավատափոխների, քաղաքական կերպարանափոխությունների, գաղափարական ուրացումների պատմություն:

Մենք ողջունում ենք Տեր-Պետրոսյանի պաթոսը` ազգը համախմբելու, պայքարի հանելու, սկզբունքորեն նոր տիպի պետական մեքենա ձեւավորելու, բայց կիսատ-պռատ ռեֆորմներով ոչինչ չի ստացվի: ՀՀՇ-ի տնտեսագիտական ուղեղը` Հրանտ Բագրատյանը, կենսաթոշակային ռեֆորմը սրբագրելու փոխարեն, ուղղակի մեղմացնում է այն` հարկահանության 15 տոկոսը իբր 5 տոկոսի իջեցնելով, 40 տարին 10 տարի դարձնելով եւ այլն: Բայց ամենակարեւոր թեզին չի անդրադառնում. եթե 1974 թվականին ծնվածներից 30 տոկոսն է աշխատում, նրանցից կուտակայինի բերքահավաք արեցինք, բա մնացած 70 տոկոսը, որ ՀՀ-ում չեն աշխատում, նրանց թոշակի համար ի՞նչ ռեզերվ է ապագայում ստեղծվում: Ուրեմն նրանք քեզ համար չուժա՞կ են, ընկեր Բագրատյան: Ու հետաքրքիրն այն է, որ այդ անտեսվող 70 տոկոս երիտասարդությունն այսօր ՌԴ-ից մեկ միլիարդից ավելի տրանսվերտ են ուղարկում` հանրապետության քաղաքական ու տնտեսական կայունացումն ապահովելով:

– Պարոն Հակոբյան, արդեն մի քանի տարի է՝ Դուք խոսում եք այն տարբերակի մասին, որ Արցախի հարցի լուծումը Գյուլիստանի պայմանագրի վերակենդանացումը պետք է լինի: Այդ սցենարն այսօր, կարծես, փորձում է իրականացնել Ղրիմը:

– Այո եւ Պուտինի հանճարեղությունը կայացավ նրանում, որ նա դրսից ուժեր չմտցրեց, այլ փորձում է հարցը լուծել տեղի ռազմական ուժերը մոբիլիզացնելով: Նախագահի 2001 թվականի հատուկ հրովարտակում գրված է` եթե կա որեւէ տարածքում բնակվող, որեւէ ազգի կամքի ազատ արտահայտման արդյունք, մենք պատրաստ ենք քննարկել եւ ընդունել մեր տարածքային ամբողջականության մեջ՝ որպես մեր ներքին քաղաքական սուբյեկտ: Այն, ինչը ես ասում էի Արցախի համար:

Այսօր մեզ համար եկել է պահը ոչ թե իռլանդիաներում պրագուլկայի դուրս գալ` ինչ-որ մի եվրոպական կուսակցության մեջ ճառեր ճամարտակել, պարոն նախագահ, այլ շտապ հանրաքվե կազմակերպել Արցախի հարցով եւ ուղարկել ՌԴ Պետդումային: Ղրիմին զուգահեռ: Մեզ անհրաժեշտ է պաշտպանել 18 հազար պատմաաշխարհագրական միջավայրը` թեկուզ առաջին աստիճանի անկախություն ունենալ, բայց լինել հանրապետության կարգավիճակում: Ուկրաինական դեպքերով պատմությունը մեզ լավ շանս է տալիս:

Զրույցը`  ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Վերնագիրը սպանում աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա…

  2. Seyran says:

    Ով հայ ժողովուդ,քո փրկությունը քո միասնության և միամտություններից ձերբազատվելու մեջ է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31