Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Բանտում ամենից ազատն ես». «Ազգ»

Մարտ 07,2014 11:34
vahan hovhannisyan

Հատված Բեռլինում ՀՀ ներկայացնող դեսպան Վահան Հովհաննիսյանի հարցազրույցից:

Գերմանիայում «Ազգի» թղթակիցը նշում է. «Ինձ հանդիպած առաջին պաշտոնյան էր, որ ձեռքին ոչ թե թանկարժեք ժամացույց ուներ, այլ միգուցե հնագետի մասնագիտությամբ պայմանավորվածՙ քարե նուրբ ուլունքաշար թեւնոց, մեջտեղումՙ փիրուզ խաչ։Եթե հմայիլ է սա, ապա հուսանք, թե խոսակցին տպավորելու նրա տաղանդը, արտիստիզմը կբազմապատկի քաղաքականության գերի դարձած դիվանագիտության մեջ մեր կշիռը»:

– Պարոն Հովհաննիսյան, Դուք գիտնական եք, քաղաքական գործիչՙ կուսակցական ակտիվ փորձով, նախկին բանտարկյալ, չգիտեմ իհարկե թե քանի քվեով էիք հայտնվել պատգամավորական աթոռին, բայց ազգընտիր մարդ եք, եւ Ձեր գրագետ խոսքը զարդարում էր մեր խորհրդարանը, վերջերս նաեւՙ գրող դարձաք, հիմա ՀՀ դեսպան եք, սա բնակա՞ն ընթացք է, կամ Ձեր կուսակցության նախընտրած «հանգրվան» բառը գործածեմՙ ինչպիսի՞ հանգրվան է այս վերջինը։

– Ձեր ասածի մեջ կա մի շատ վտանգավոր մոտեցում, որ վերջին հանգրվանն է, որովհետեւ հանգրվաններին գնահատականը տրվում է, երբ սկսում ես գիտակցել, որ մոտեցել ես վերջին հանգրվանին։ Ես այդպես չեմ կարծում։ Դրա համար գնահատել, թե ինչպես այս բոլորՙ վերեւ կամ ներքեւ տանող աստիճանները անցա կամ, ի վերջո, Ձեր հարցի մեջ դա է չէ՞ գաղտնիքըՙ այդ ամենն ինչպե՞ս է համադրվում։ ԱԺ փոխնախագահի պաշտոնն ինչո՞ւ մոռացաք։ Բանտից դուրս եկա, դարձա ՀՀ նախագահի խորհրդական, ԱԺ-ում անմիջապես առաջին իսկ ընտրվելուս դարձա պաշտպանության եւ ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ։ Եվ մեր հանձնաժողովին հաշվետու էին հենց այն նախարարները, որոնք, ասենք, դրանից մի երկու տարի առաջ ղեկավարում էին այն հիմնարկները, որոնց զնդաններում (կատակով եմ ասում) գտնվում էի ես։ Այո, ճակատագիրը փոփոխական է։ Շատ շնորհակալ եմ իմ երկրին եւ մշակույթի նախարարությանը, որ իմ գիրքը ներկայացրել է այս տարվա Մայնի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառին, հիմա արագ թարգմանվում է անգլերեն։Գրող իհարկե ինձ չեմ համարում, ուղղակի… գրեցի էլի։

– Բայցՙ մտքի արտադրանք է։

– Մտքեր իհարկե շատ ունեմ, բայց տեսնենք դրական արտադրանք կտա՞ն, թե՞ չէ։ Իհարկե, իմ կյանքում եղել են հանգրվաններ, մինչեւ այդՙ Արցախ եւ այլն։

– Դեսպան լինելը բանտում լինելու վիճակին համազո՞ր վիճակ է, թե՞…

– Հետաքրքիր հարց է։ Բանտում ամենից ազատն եսՙ ինչ ուզում ես արա։ Դեսպանը շատ ավելի կաշկանդված է, բացի նրանից, որ գոյություն ունեն դիվանագիտական արարողակարգային սահմանափակումներ։ Ի վերջո, յուրաքանչյուր քայլդ շատ ու շատ ավելի հաշվարկված պետք է լինի։ Բայց եթե խորանանք այս հարցի մեջՙ իսկ ի՞նչ էՙ պատգամավորի յուրաքանչյուր քայլը չպիտի՞ հաշվարկված լինի։

– Հաշվարկվածՙ նկատի ունենալով ժողովրդի հաջորդ քվե՞ն։

– Եթե այդ տեսակետից հաշվարկես, պիտի հաշվարկի նաեւ դեսպանը, որ իր պաշտոնավարումը էլի երկարեցնեն կամ լավ տեղ նշանակեն։ Այդ հաշվարկը երբեք չունեմ, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ գիտակցել եմ հետեւյալըՙ արա ինչ որ ճիշտն է, ու թող ինչ ուզում է լինի։ Արա ինչ պարտավոր ես անել ու ինչ ուզում է, թող լինի։ Իմիջիայլոց միջնադարյան ֆրանսիական ասպետների կարգախոսն է։ Դեսպան ես, թե պատգամավոր, նախագահի խորհրդական ես, թե քաղբանտարկյալ, դա ի վերջո կապ չունի։ Եթե ճակատագիրդ կապել ես ժողովրդիդ ճակատագրի հետ, կարեւոր չէՙ ընտրովի, թե նշանակովի պաշտոն ունես։ ԱԺ-ում, երբ որեւէ հանձնաժողովի կամ ԱԺ փոխնախագահ ես ընտրվում, ընտրվում ես նաեւ քո քաղաքական հակառակորդների ձայներով, դա արդեն քաղաքական համաձայնություն պահանջող երեւույթ է։ Ճիշտ այնպես, ինչպես երբ քեզ նշանակում են դեսպան։ Միեւնույն էՙ իմ հիշատակած կարգախոսը գործում է։

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31