Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ տարի 108 տնտեսագետ գիտնական է դարձել

Մարտ 07,2014 14:25

ԲՈՀ-ի տվյալները չափազանց խոսուն են

Տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհուրդը վերադարձված ատենախոսությունների թվով ռեկորդակիրներից է: Դա են փաստում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) պաշտոնական boh.am կայքում զետեղված տվյալները: Ըստ նույն աղբյուրի, 2013-ի հուլիսից առայսօր մասնագիտական խորհուրդներ է վերադարձվել 63 աշխատանք, որոնցից 9-ը Տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհուրդ: Ընդ որում, այդ 9 ատենախոսություններից 1-ն էլ դոկտորական աշխատանք է:

Վերադարձված աշխատանքների թվում է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանի դստեր` Նարինե Մարտիրոսյանի ատենախոսությունը: Անգամ ոչ մասնագիտական աչքերով նայելիս պարզ է դառնում, որ ներկայացված գիտական աշխատանքը շարադրված է խունացած գրականության եւ հնաոճ տեղեկատվության հիման վրա: Բնականաբար, ամբիոնի վարիչը չէր կարող նման համարձակ քայլի գնալ, եթե չունենար բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հովանավորությունը, որի հետ ազգակցական կապեր ունի:

Հավելենք, որ տնտեսագիտության բնագավառից վերադարձված աշխատանքներ ունի նաեւ ԵՊՀ 015 խորհուրդը (11 աշխատանք, այդ թվում՝ մեկը դոկտորական):

Տնտեսագիտության ոլորտի 6 աշխատանք էլ վերադարձվել է Ագրարային համալսարանի 002 խորհուրդ: Ի դեպ, «Առավոտի» հետ զրույցում («ԲՈՀ-ը ոստիկանություն չէ») ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը հաստատել էր մեր այն տեղեկությունը, որ հաճախ մեկ խորհրդում մերժված աշխատանքը անցկացվում է նույն բնագավառի մեկ այլ խորհրդով, իսկ տնտեսագիտության բնագավառում գիտական աստիճաններ շնորհող մի քանի խորհուրդները միավորելը, տիկին Արզումանյանը ճիշտ չէր համարել՝ դեմ լինելով մոնոպոլիային եւ մեկ խորհրդի վրա հսկայական ծանրաբեռնվածություն բարդելուն: Ի դեպ, անցյալ տարի տնտեսագիտության ոլորտում գիտությունների թեկնածուի եւ դոկտորի գիտական աստիճան է շնորհվել 108 հոգու, այն դեպքում, երբ դեղագործական կամ փիլիսոփայության ոլորտում՝ մեկական:

Դարձյալ ըստ ԲՈՀ-ի կայքի, Հայաստանի Հանրապետությունում գիտության դոկտորի եւ գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր ստացածների թվաքանակի պատկերն ըստ գիտության (աստիճանաշնորհման) բնագավառների անցյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, այսպիսին է.

Ֆիզիկամաթեմատիկական բնագավառում գիտությունների 50 դոկտոր եւ թեկնածու, քիմիական՝ 14, երկրաբանական՝ 3, կենսաբանական՝ 57, տեխնիկական՝ 106, գյուղատնտեսական՝ 20, պատմական՝ 25, տնտեսագիտական՝ 108, փիլիսոփայական՝ 1, բանասիրական՝ 65, աշխարհագրական՝ 9, իրավաբանական՝ 37, մանկավարժական՝ 32, բժշկական՝ 38, անասնաբուժական՝ 3, արվեստագիտության՝ 6, ճարտարապետության՝ 4, հոգեբանական՝ 16, սոցիոլոգիական՝ 4, քաղաքական՝ 11, դեղագործական՝ 1: Այսպիսով, անցյալ տարի գիտությունների թեկնածուի աստիճան է շնորհվել 564 հոգու, դոկտորի՝ 46:

2014-ի ամբողջական տվյալները դեռ ամփոփված չեն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31