Գուրգեն Մահարին ամբողջական կներկայանա հայ ընթերցողին
Հայաստանյան գրահրատարակչության պատմության մեջ առաջին անգամ հրատարակվել է Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուի (15 հատոր) առաջին գիրքը: Հրատարակիչը ոչ թե պետական ընկերություն է, այլ մասնավոր «Անտարես» հրատարակչությունը (նախագահ՝ Արմեն Մարտիրոսյան): Այս մասին «Առավոտին» հայտնեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց, որ նախկինում այս գործընթացն իրականացրել են ՀՀ ակադեմիական հաստատությունները, մասնավորապես՝ Գրականության ինստիտուտը: Մեր զրուցակիցը հավելեց, թե սկսած խորհրդային տարիներից, Գրականության ինստիտուտը հրատարակել է Թումանյանի, Վարուժանի, Նալբանդյանի եւ մեր մյուս դասական հեղինակների երկերի լիակատար ժողովածուները, նշելով, որ նախկինում տարեկան լույս էր տեսնում ընդամենը մեկ հատոր, որի վրա աշխատում էր շուրջ 10 գիտաշխատող: Արքմենիկ Նիկողոսյանը հատուկ շեշտեց, թե Մահարու ժողովածուն իրականացվել է գրողի որդու՝ Գրիգոր Աճեմյանի աշխատասիրության շնորհիվ: «Հայ դասականների նման հիմնարար ձեռնարկների հրատարակման համար պետք է աջակցություն, առաջին հերթին՝ մշակույթի նախարարության, շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների կողմից: Չէ՞ որ նման ժողովածուները անհրաժեշտ են մեր երկրի մշակութային, գիտական դաշտի առաջընթացի համար»,- ասաց գրականագետը: Անդրադառնալով հրատարակված առաջին հատորին, Արքմենիկ Նիկողոսյանը հայտնեց, որ այն ընդգրկում է Մահարու 1916-1969թթ. գրած բանաստեղծությունները, նաեւ անտիպ, որոնք ուղեկցվում են մեկնաբանություններով ու ծանոթագրություններով:
Մեծանուն գրողի որդին՝ բժիշկ Գրիգոր Աճեմյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս ժողովածուն 4 տասնամյա աշխատանքի արդյունք է եւ ընթերցողի սեղանին առաջին անգամ կդրվի Մահարի բանաստեղծի, արձակագրի, հրապարակախոսի, թատերագետի ողջ ժառանգությունը, գրողը կներկայանա մինչ այսօր անհայտ կողմերով նույնպես:
Հարցին՝ մի՞թե այդքան բարդ էր գրողի հայտնի երկերը, անտիպ գործերը, նամակները մեկտեղելը, պարոն Աճեմյանը պատասխանեց. «Հորս անտիպ երկերը չեն պահպանվել, դրանք բռնագրավվել ու ոչնչացվել են նրան երկու անգամ աքսորելու արդյունքում: Ժամանակ էր հարկավոր, որ ես գտնեի 1917 թվականից մինչեւ վերջին շրջանը հայաստանյան ու Սփյուռքի մամուլում հրապարակված նրա ստեղծագործությունները: Հավաքագրել եմ նաեւ պետական ու մասնավոր արխիվներում եղած նյութերը: Կուզեի, որ ընթերցողը գիտենար, որ հորս ողջ հավաքածուի հրատարակման աշխատանքներին առանց հովանավորի ձեռնամուխ է եղել «Անտարես» հրատարակչությունը: Խմբագրական աշխատանքներն էլ կատարել են գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանն ու Վարդան Մաթթեոսյանը»:
Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չի դիմել՝ պետական միջոցներով այն հրատարակելու համար, մանավանդ խոսքը Մահարու մասին է: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Թեեւ չեմ խնդրել, բայց քանիցս զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացրել եմ նպատակիս մասին: Կրկնում եմ՝ չեմ խնդրել եւ չեմ էլ կարծում, որ Մահարին այն գրողն է, որ դռնեդուռ պիտի ընկնեի…»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ