Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

Մարտ 07,2014 10:24

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քառասուներեքերորդ

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

Եվ Արիկը ժպտալով ասաց՝ «բայց Ջավախյանի էս վերջին պատմվածքը վատը չի», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «իրանը էսսե ա», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «իմը մինիմում էսսե ա», եւ Հայկունին քմծիծաղով ասաց՝ «մինիմում էսսե ա, մաքսիմում՝ վեպ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վեպը Արմոյինն ա», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենինը վեպ չի», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ Հայկունին ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էպոպեա», եւ Օրթախը փռթկացնելով ասաց՝ «մանավանդ Ջավախյանին վերաբերող հատվածներն են էպոպեա», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «պատկերացնում եմ՝ Սեմերջյան Մանուկին վերաբերող հատվածներն ինչքան հետաքրքիր կըլնեն», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Աստված թող մեզ էրկու տարվա կյանք տա, որ էդ հատվածները «Առավոտի» մեջ կարդանք», եւ Արիկը դժգոհելով ասաց՝ «էս Լեւոնն ու Բարդուղը մեզ ընդամենը էրկու տարվա կյանք են ցանկանում», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «մինիմում էրկու տարվա կյանք», եւ Արիկը նեղսրտած ասաց՝ «լեզուներդ չի բռնո՞ւմ՝ գոնե մի տասնհինգ տարվա կյանք ցանկանաք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մինիմում էրկու տարին տասնհինգ տարուց էլ ա շատ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մաթեմատիկ մարդ ես. էդ հասարակ բանը չես հասկանո՞ւմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Աստված որ մեզ մինիմում էրկու տարվա կյանք տա, Արմոյի վեպի մեջ կարող ա Բարդուղի մասին էլ կարդանք», եւ Բարդուղը զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «իմ մասին ի՞նչ պիտի գրի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էդ արդեն իրան պիտի հարցնես», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին ասաց՝ «որ հեչ գրելու բան չըլնի, ազգի փրկության թեման լրիվ հերիք ա», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ազգի փրկություն», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին ասաց՝ «էդ՝ որ առավոտից իրիկուն խոսում ես», եւ Բարդուղն ավելի զարմացած հարցրեց՝ «առավոտից իրիկուն ի՞նչ եմ խոսում», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «ազգի փրկության մասին Արմոն վայ թե մի քանի հատոր գրի», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «մի քանի հատոր ի՞նչ պիտի գրի», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ու ասաց՝ «քո էս սաղ խոսացածները», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ եմ խոսացել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Արմոյի լավն էն ա, որ ինքը նույնիսկ մարդկանց չխոսացածներն ա գրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, ինչ ուզում՝ էն էլ գրում ա», եւ Անանիան թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «էդ մի բանը լավ ես ընդօրինակել Արմենից», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «էդ հըլը հարց ա՝ ով ա ումից ընդօրինակել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես որ արձակ էի գրում, Արմոն հըլը հանգաբանությամբ էր զբաղվում», եւ Բարդուղը քմծիծաղով ասաց՝ «իզուր էլ հանգաբանությունը թարգեց. կարճ-կարճ գրում էր՝ մեկումեջ կարդում էինք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի էնքան երկար ա գրում, որ մարդ չի կարում կարդա» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «տնաշենը վերջակետ էլ չի դնում», եւ Ջավախյանը ծիծաղելով Բարդուղին ասաց՝ «հենց որ սկսի քո մասին գրել, խելոք-խելոք ամեն շաբաթ «Առավոտը» կառնես ու կկարդաս», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «ե՞րբ ես իմ մասին գրելու», եւ Ջավախյանը փռթկացնելով Բարդուղին ասաց՝ «համ քո մասին ա գրելու, համ էլ՝ ազգի փրկության», եւ Բարդուղը ժպտալով ինձ հարցրեց՝ «ե՞րբ ես գրելու», եւ Ջավախյանն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «հիմի կգրի, բայց էրկու տարի հետո կտպի», եւ Բարդուղը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «էրկու տարի հետո Սեմերջյան Մանուկի մասին չի՞ տպելու», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Բարդուղին ասաց՝ «Սեմերջյան Մանուկից հետո անմիջապես կանցնի քեզ», եւ Բարդուղը զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «դո՞ւ ինչ գիտես», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «սեփական փորձիցս եմ ասում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Արմոն իմ ասածները որ գրում ա, երկու տարուց հետո են էդ ասածներս «Առավոտի» մեջ տպվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց մեկումեջ չասածներս էլ ա գրում ու տպում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, իրանից բստրում, իմ անունից գրում ու տպում ա», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «բա չես նեղանո՞ւմ, որ չասածներդ քո անունից գրում ու տպում ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հո գիժ չեմ, որ նեղանամ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մին-մին էդ չասածներս ավելի հետաքրքիր են ստացվում, քան՝ իրական ասածներս», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «էդ էր պակաս՝ հետաքրքիր չստացվեին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Արմենը հազար տարվա գրող ա. ինքը ինչ էլ գրի, հետաքրքիր կստացվի», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու հարցրեց՝ «էլի կրկնե՞մ», եւ Անանիան Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչը կրկնես», եւ Ջավախյանն ասաց՝ «ես որ արձակ էի գրում, Արմոն հըլը հանգավորման գործերի մեջ էր», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրականության հարցում ստաժն էդքան էլ կարեւոր չի», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու ժպտալով հարցրեց՝ «բա ի՞նչն ա կարեւոր», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «տաղանդը», եւ Ջավախյանն արհամարհական անյեց Անանիային ու ժպտալով հարցրեց՝ «էդ զադից դու շատ ունե՞ս», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ժպտալով ասաց՝ «առանձնապես քչություն չի անում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան ունեմ՝ ինձ լրիվ հերիք ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «որ շատություն անի, մի քիչ ինձ կտա՞ս», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «դու տաղանդի կարիք առանձնապես չես զգում», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով Անանիային հարցրեց՝ «բա ինչի՞ կարիք եմ զգում», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «բարոյականության» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի քիչ էլ՝ գրագիտության», եւ Ջավախյանն ապշահար նայեց Անանիային ու հարցրեց՝ «կարող ա՞ դու ինձանի գրագետ ես, ադա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրագիտության հարցն էլ ամենակարեւորը չի», եւ Արիկն Անանիային հարցրեց՝ «բա ամենակարեւորը ո՞րն ա», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «ամենակարեւորը երեւի բարոյականության հարցն ա», եւ Ջավախյանը թշնամանքով նայեց Անանիայն ու վրդովված հարցրեց՝ «այսինքն, դու ինձանի բարոյական ե՞ս», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ճիշտն ասած, էդ մասին չեմ մտածել» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «քեզնից ավելի բարոյական ըլնելն իմ համար չափանիշ չի, որ էդ մասին մտածեմ կամ չմտածեմ»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31