Ինչպես հայտնի է, իրեն վիրավորելու համար Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը դատի է տվել Վարդան Կոլյայի Ղուկասյանին ու նրա գրասենյակին, երրորդ անձ «Պանորամա ԷՅ ԷՄ», «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերություններին և Անժելա Թովմասյանին:
Անիի նախկին ոստիկանապետի որդին պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, քանի որ, ըստ նրա, Վարդան Ղուկասյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ կան վիրավորական արտահայտություններ իր հասցեին, ավելին, խախտվել է անմեղության կանխավարկածը: Եվ այդ հայտարարությունը տեղադրել են հիշյալ լրատվամիջոցները:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը անորոշ ժամանակով հետաձգեց դատական նիստը, քանի որ նրա պատճառաբանելով, ինքը գրություն է ուղարկել քրեակատարողական հիմնարկների վարչություն Հարություն Սարգսյանի ներկայությունը այս դատական նիստին ապահովելու համար: Սակայն այստեղից պատասխանել են, որ անհրաժեշտ է ստանալ քրեական գործը քննող դատավորի համաձայնությունը:
Դատավորի ներկայացմամբ, քանի որ քաղաքացիական հայցի քննումը կախված է Հարություն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքից, հետևաբար և անորոշ ժամանակով հետաձգում են նիստը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Հարություն Սարգսյանը դեռ հացադուլի մեջ է, նա պնդում է, որ ինքը չի սպանել Կարեն Եսայանին ու բողոքում է դատախազ Արմեն Մարուքյանի` 15 տարվա ազատազրկում պահանջելու դեմ:
Տեղեկացնենք նաև, որ Վարդան Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը այսօր չէր ներկայացել դատական նիստին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ