Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու էր Բուդաղյանը փորձում Սուրեն Խաչատրյանի ընտանիքից վրեժխնդիր լինել. Shamshyan.com. (Տեսանյութ)

Մարտ 06,2014 20:02

«Ավետիք Բուդաղյանը Գորիսի քաղաքապետի ընտրություններում երկու անգամ թեկնածություն է դրել, բայց երկու անգամ էլ ես ուրիշի եմ պաշտպանել: Վերջում հասկացա, որ իր մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ուզում էր ինչ-որ բանով պատասխանել: Բայց նա դրա համար այդ քայլին չպետք է գնար»,-այս մասին 4 լրատվամիջոցների, այդ թվում՝ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

SHAMSHYAN.com-ը ստորեւ ներկայացնում է Սուրեն Խաչատրյանի հետ հարցուպատասխանը.

-Պարոն Խաչատրյան, տեւական ժամանակ է անցել, կցանկանայինք լսել ձեր տեսակետը, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել:

-Դա մի ահավոր ողբերգություն էր թե՛ այդ մարդկանց համար, թե՛ մեր ընտանիքի: Այդ ամենը խմիչքի հետեւանք էր, որը բերեց այս ողբերգությանը: Մի բան եմ հասկացել եւ կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ այդպես է մտածում՝ «պետք է արյուն թափած լինես կամ կոնկրետ ընտանիքին բարոյական վնաս տված լինես, որ մարդիկ այդպես թշնամաբար տրամադրված լինեն եւ զենքով գան, հարձակվեն տան վրա: Բայց ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը չի եղել: Ընդհակառակը, ջերմ հարաբերություններ են եղել այդ ընտանիքի հետ: Այս քսանհինգ տարիների ընթացքում խնդիրներ չեն եղել: Ճիշտ է, եղել են, բայց քաղաքական խնդիրներ: Ավետիքը երկու անգամ Գորիսի քաղաքապետի թեկնածություն է դրել, բայց երկու անգամ էլ ես ուրիշի եմ պաշտպանել: Վերջում հասկացա, որ իր մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ուզում էր ինչ-որ բանով պատասխանել: Բայց նա դրա համար այդ քայլին չպետք է գնար: Համենայնդեպս փորձագետների եզրակացությունն այնպիսին էր, որ Ավետիքի խմածության աստիճանը չափից շատ էր՝ վեց ու յոթ տրամամիլի: Ես փորձագետ չեմ, բայց փորձագետների գնահատականն այնպիսին է, որ խմածության այդ աստիճանում մարդը կարող է նույնիսկ մահանալ: Այդ խմածության հետ նրա մեջ այնքան թշնամանք կար, որ երբ իրեն մեքենայից իջեցնում եմ, մեկ ուրիշը տանում, նրա հետ փաթաթվում են եւ տանից զենքերը վերցնում եւ գալիս է մեր տան վրա: Ցավալին այն է, որ իր ընտանիքի անդամները, ծնողները, որեւիցե մեկը չի ասում. «Գիշերվա կես, քեֆդ՝ լավ, զենքերդ վերցնում ես, ու՞ր ես գնում»:

-Մեքենայի մեջ ի՞նչ զրույց եք ունեցել: Ինչի՞ց է զրույցը սկսվել:

-Ես քննություն չեմ ուզում տալ, բայց մեքենայի մեջ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Իր հարբածության աստիճանը այնքան շատ էր, որ իրեն ճիշտ չկարողացավ դրսեւորել, ես էլ իրեն իջեցրեցի եւ թողեցի, գնաց: Վեճ չի եղել, մեքենայի մեջ ձեր ասած քաշքշոցը չէր էլ կարող լինել: Իր պահվածքից ելնելով՝ վարորդին ասացի՝ կանգնեցրու, թող իջնի: Դրա մասին եմ խոսում մարդու մեջ ինչքան կուտակված թշնամություն պետք է լինի, որ այդքանից հետո հասավ տուն, զենքերը վերցրեց, եկավ մեր տան վրա: Եթե ինքը խփեր-սպաներ մեզ, եթե հակառակը լիներ, երկու դեպքում էլ ողբերգություն է: Եվ նորից եմ կրկնում, ցավը այն է, որ ծնողը տեսնում է, որ նա գնում է ողբերգության ու դեմը չի առնում:

-Հակառակ կողմն ասում է, որ կրակոց է եղել նաեւ վերեւից: Դուք կրակե՞լ եք, թե՞ ոչ:

-Դա փաստաբանի երեւակայությունն է: Ես ոչ միայն չեմ կրակել, այլեւ դեպքի մասին չեմ իմացել: Ամբողջ մարզի, հանրապետության ոստիկանությունը եւս համոզվել են, որ ես այդ դեպքին մասնակցություն չեմ ունեցել: Ես ուզում եմ մարդկային լեզվով ձեզ մի բան ասել: Փորձագետների եզրակացությամբ Ավետիքին կպած չորս փամփուշտը նույն զենքից է: Խնդրում եմ՝ ճիշտ հասկանաք. ո՞նց կարող էր այդ նույն զենքը եւ ներքեւից, եւ վերեւից կրակեր: Տրամաբանեք: Բացի այդ, ամենը տեղի է ունեցել երկու րոպեում: Ես դեպքերի ժամանակ քնած եմ եղել: Ճիշտ է, զարմանալի է, թե ոնց չեմ լսել, բայց նախ մեր պատուհաններն են հերմետիկ, երկրորդ՝ այդ աղմուկը ձայները կլանում է: Ես մեղքի զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում, որ երիտասարդ տղա է մահացել եւ այդ արյունը մեր տանն է թափվել: Այդ ցավն եմ ապրում, բայց մեղքի զգացում չկա: Որեւէ մեկին թույլատրված չի առանց պատճառի, խորը թշնամությամբ գնաս մարդու տան վրա հարձակվես: Իրանց փաստաբանն էլ է այսօր համոզված, որ Արտակը եկել է զինված, թշնամաբար եւ սպառնալիքով:

-Ի՞նչ վճարեցիք ձեր որդու ազատության դիմաց: ՀՀԿ խորհրդի անդամ լինելու հանգամանքը չե՞ք օգտագործել այս գործում:

-Ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանաք, եթե դա իմ որդին չլիներ, եթե այդ դեպքը նույն ձեւով մեկ ուրիշի հետ տեղի ունենար, մեկ ժամ էլ չէր նստելու, քանի որ իմ որդին էր, միանգամից բուռն աղմուկ բարձրացավ եւ քննությունը տարան այնպես, որ որդուս ձերբակալեն եւ ընթացքում պարզեն այդ ամենը: Ես ոչ ոքի չեմ զանգել: Առաջին իսկ օրից լուրջ իրավաբանների հետ եմ խոսել եւ քրեական օրենսգրքով ինձ ասացին, որ կատարվածը համարժեք պատասխան է եւ սահմանազանցում չկա:

Մանրամասները կարող եք կարդալ` «shamshyan.com»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կա՞ մարդ,որ հավատում է էս «մարդու» դուրստվածներին: Այս «հարցազրույցը» ԲԱՆՏՈՒՄ պիտի լիներ:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    էս «մարդը» տարիներո՜վ Սյունիքում ԱՆՊԱՏԻԺ ռեկետ էր անում՝ նալոգ հավաքելով,իսկ Բուդաղյանները նալոգ չէին տալիս ու ուժ էին սկսում դառնալ սրանց դեմ:Ահա ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ իսկական պատճառը: Իսկ էդ անհեթեթ բլեֆները ախմաղներին պատմիր:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31