Լրահոս
Օրվա լրահոսը

«Արաբկիր» ԲԿ-ում մահացած մանկահասակ երեխայի գործը առաջին ատյանի դատարանում

Մարտ 06,2014 19:00

2014 թ. մարտի 6-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր  Լ. Ավետիսյանի, սկսվեց «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2,5 ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Արաբկիր» ԲԿ-ի բոքսային բաժանմունքի վարիչ Լիլիթ Վարդանյանին և նույն ԲԿ-ի 1-ին մանկաբուժական բաժանմունքի մանկաբույժ Զարինե Այվազյանին: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)  ամրագրված արարքի հատկանիշներով, որի համար որպես պատիժ սահմանված է ազատազրկում՝  երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Դատաքննությանը մասնակցում էին սույն գործով մեղադրանքի պաշտպանությունն իրականացնող ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի տեղակալ Դ. Կարապետյանը, ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի շահերը ներկայացնող ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Յուրի Հովհաննիսյանը և Երեմ Սարգսյանը:

Դատաքննությանը մասնակցում էին նաև տուժող Լիա Միսակյանի հայրը՝ գործով իրավահաջորդ ճանաչված Գեորգի Միսակյանը, և նրա ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:

Դատաքննությանը ներկայացել էին գործով դատակոչված վկաները և փորձագետներից մեկը:

Դատարանը ճշտեց կողմերի ինքնությունը, նրանց մասնակցությունը բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, որից հետո մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը հայտնեց, որ մեղադրանքի էությունը հասկանալի է և չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Ամբաստանյալ Զարինե Այվազյանը հայտնեց, որ իրեն հասկանալի չէ առաջադրված մեղադրանքը, իսկ փաստաբանը հավելեց, որ մեղադրական եզրակացության ընթերցված հատվածը վերացական է և պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել և խնդրեց պարզաբանել առաջադրված մեղադրանքը: Հարցմանն ի պատասխան մեղադրողը նշեց, որ իր կողմից ընթերցվել է մեղադրական եզրակացության միայն եզրափակիչ մասը, իսկ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզ կդառնա դատաքննության ընթացքում գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում, որը փաստաբանը որակեց որպես պաշտպանության իրավունքի խախտում: Մեղադրող Դ. Կարապետյանը հավելեց, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացրած քննիչը պարզաբանել է մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի էությունը, որից հետո նրանք հրաժարվել են ընդունել մեղադրանքը, իսկ գործով նրանց կողմից ներկայացված մի շարք միջնորդությունների մեծ մասի բովանդակությունը վկայում է մեղադրանքի էությունը հասկանալու հանգամանքը:

Դատական նիստի ընթացքում քննության առնվեց գործով ներկայացված ապացույցների հետազոտման կարգ սահմանելու հարցը, և դատարանը, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ և 335-րդ հոդվածներով, սահմանեց ապացույցների հետազոտման հետևյալ կարգը՝ նախ հարցաքննել տուժողի իրավահաջորդին, այնուհետև գործով ներգրավված վկաներին, հետազոտել գործում առկա այլ ապացույցները, հարցաքննել գործով հրավիրված փորձագետներին և վերջում հարցաքննել ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին:

Այնուհետև, դատական նիստը հետաձգելու միջնորդություններ ներկայացվեցին դատարանին Լիլիթ Վարդանյանի փաստաբան Յուրի Հովհաննիսյանի կողմից՝ մեկ այլ գործով հարցաքննության մասնակցելու համար, և տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցի կողմից՝ տուժողի իրավահաջորդին մեղադրական եզրակացությունը տրամադրելու և դրան ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու հիմնավորմամբ:

Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունները և հետաձգեց դատական նիստը:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31