Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս տեսավ Վարդան Ֆերեշեթյանի «Գրահավաք» ժողովածուն

Մարտ 06,2014 18:54

Այսօր` մարտի 6-ին` «Բյուրոկրատ» գրախանութում, տեղի ունեցավ Վարդան Ֆերեշեթյանի «Գրահավաք» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն լույս է տեսել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրատարակությամբ: Վարդան Ֆերեշեթյանը մեր հետ զրուցում ասաց, որ ժողովածուն ներառում է իր մինչեւ այսօր գրած ստեղծագործությունները  եւ իր առաջին գիրքը, քանի որ այն քիչ տպաքանակով էր տպվել` 220 օրինակ: Արձակագիրը նաեւ անդրադարձավ գրելու լեզվին.

«Գրողներ կան, որ արհեստական են փորձում ստանալ այդ փողոցային լեզուն, բայց լեզուն մի այնպիսի օրգանիզմ է, որ ամեն ինչ իր մեջ ներառում է ե՛ւ խոսակցական ե՛ւ գրական, պարզապես նայած ինչպես ես անում, այսինքն` ինչպե՞ս ես տիրապետում բառը բառի կողքին դնելու արվեստին, թե չէ ամեն ինչ էլ կարելի է անել»:

Գրահավաք ժողովածուն իր մեջ ներառում Վարդան Ֆերեշթյանի «Ոստան» վիպակը, «Պարականոն» շարքը, արձակագրի գծագրերը: «Գրահավաքը» եզրափակվում է Վաչե Եփրեմյանի «Մենախոսություն աքլորականչից առաջ, երկխոսություն աքլորականչից հետո» հոդվածով:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը խոստովանեց, որ ծանր եւ լուրջ է համարում Վարդան Ֆերեշեթյանի խոսքը.

«Վարդանը շատագիր չէ, բայց ես գերադասում եմ նրա քչագրությունը: Քչագրությունը թանկ հայացքն է եւ գերադասելի է, եթե քչագրության հետ մեկտեղ կա խորությունը»:

Բանաստեղծ Հակոբ Մովսեսը հայտարարեց, որ Վարդան Ֆերեշեթյանին համարում է ամենանուրբ աչքն ունեցող գեղագետը, ով գծագրեր անելու ասպարեզում իրեն հավասարը չունի: Ի տարբերություն Լիլիթ Գալստյանին, ով Վարդան Ֆերեշեթյանին համարում է լուռ` Հակոբ Մովսեսը նրան համարում է մունջ.

«Սա մեր իրականության մեջ լինող բան է, ցավոք սրտի, վերջացող տեսակ, բայց Վարդանի մունջությունը կհամարեի նվազագույնով արտահայտվելու, նվազագույնով երեւալու, նվազագույն միջոցով փողոցում հայտնվելու մի ցանկություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31