Ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված, շախմատի տղամարդկանց Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության օրերին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում նույնպես մասնակիցների եւ հյուրերի համար կազմակերպվել է հուշանվերների վաճառք:
Երկրորդ հարկի ճեմասրահում սեղանների վրա խնամքով դասավորված են շախմատային գրականություն, շախմատային, Երեւանի ու Հայաստանի տարբեր խորհրդանիշերով հուշանվերներ, որոնք հետաքրքրվողներին սիրալիր առաջարկում է Տաթեւ անունով մի գեղեցկատես աղջիկ: Նրանից հարցրինք, թե ցուցանմուշները հետաքրքրո՞ւմ են մարդկանց: «Պատկերացրեք` այո: Արդեն կայացած շախմատիստները հիմնականում ձեռք են բերում նեղ մասնագիտական գրականություն, իսկ պատանիներին, երիտասարդներին, որոնք առաջնությունում շատ են, եւ նրանց ուղեկցող անձանց ավելի շատ հետաքրքրում են շախմատային դասագրքերը եւ ուսուցողական ձեռնարկները: Պատճառը, գուցե, այն է, որ ուրիշ դեպքերում այսքան հարուստ տեսականի մեկ վայրում դժվար է գտնել: Իսկ ինչ վերաբերում է հուշանվերներին, կարծում եմ, յուրաքանչյուրն էլ կցանկանա առաջնության ավարտից հետո իր հետ որեւէ հիշողություն տանել Երեւանից»,- պատասխանեց Տաթեւը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ