Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը Ռումինիայում մի շարք հանդիպումներ է ունեցել և հանդես եկել դասախոսությամբ

Մարտ 06,2014 17:08

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մարտի 1-5-ը Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռումինիայի Հայոց միության հրավերով գտնվել է Բուխարեստում: Այցի շրջանակներում ՀԽ նախագահը դասախոսություններով հանդես է եկել Բուխարեստի առաջատար քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում, հանդիպումներ ունեցել Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ֆլորիան Կոստակեի, Ռումինիայի խորհրդարանի Հայաստան-Ռումինիա բարեկամության խմբի նախագահ Աուրել Վլադոյուի, Ռումինիայի Հայոց միության նախագահՎարուժան Ոսկանյանի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ:

Հայ մշակույթի տանը ՀԽ նախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել Սումգայիթի զոհերի ոգեկոչման պատարագին: Քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում Վազգեն Մանուկյանն իր ելույթներում անդրադարձել է Ղարաբաղյան շարժման և Հայաստանի անկախության ձեռքբերման պատմությանը, խոսել Հայաստանի ներկայիս արտաքին մարտահրավերների, Արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Բուխարեստի Տիտուլեսկու եվրոպական հաստատությունում տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա են եղել Ռումինիայի արտգործնախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, քննարկում է ծավալվել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ մասնավորապես կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ:

Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանը երբևէ չի հրաժարվել եվրաինտեգրման իր քաղաքականությունից և կառուցում է եվրոպական տիպի պետություն՝ հիմնված եվրոպական արժեքների և ժողովրդավարության վրա, մյուս կողմից, Հայաստանն անվտանգության խնդիրներից ելնելով, կապված է Ռուսաստանի հետ: ՀԽ նախագահը, սակայն, հավելել է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը պայմանավորված է ոչ միայն անվտանգության հարցերով, այլև տնտեսական գործոնով, քանի որ Հայաստանը ավանդաբար կապված է ռուսական շուկային, Ռուսաստանի հայ գործարարները մեծազդեցություն ունեն ռուսական բիզնեսում, հայկական շատ ապրանքներ այնտեղ մեծ պահանջարկ ունեն, մինչդեռ Եվրոպայում կարող են անմրցունակ լինել և այլն:

Չնայած Հայաստանի ներկա տնտեսական վիճակի պահպանումը կապված է ռուսական շուկայի հետ, Մանուկյանը նշել է, որ երկրի տնտեսության զարգացումներն ու արդիականացումը կապված են Եվրոպայի հետ:

Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որպես համանման կառույցների ղեկավարներ, կողմերը քննարկել են իրենց գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ձեռք բերել պայմանավորվածություններ:

Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նույնպես հիմնականում բարձրացվել են Հայաստանի արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր:

Վազգեն Մանուկյանի այցը Ռումինիա լայնորեն լուսաբանվել է ռումինական լրատվամիջոցների կողմից: Իր հերթին ՀԽ նախագահը հարցազրույցներ է տվել ռումինական մի քանի լրատվամիջոցների:

Մանուկյանը կարևորում է դարերի ընթացքում հայերի ունեցած մեծ դերակատարումը Ռումինիայի պետության կայացման գործում, հայերի ներդրումները ռումինական մշակույթի, քաղաքականության մեջ և նշում, որ ռումինացիները նույնպես դա չեն մոռացել և մեծ հարգանքով են վերաբերվում հայ համայնքին ու ընդհանրապես՝ հայերին:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31