Վերջերս առողջապահության նախարարը 2 հրաման տվեց, ապա նույն օրը վերանայեց իր այդ հրամանները` մեկը չեղյալ համարեց, մյուսը` հետաձգեց:
«Դա պայմանավորված էր նրանով, որ ուսումնասիրեցինք ու տեսանք, որ հասարակության կարծիքը միանշանակ չէ այդ հարցի կապակցությամբ եւ հաշվի նստեցինք հասարակության կարծիքի հետ»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց նախարար Դերենիկ Դումանյանը, նշելով, որ խնդիրը լավ նախապատրաստված չէր:
Հիշեցնենք, որ նախարարի հրամանով նախատեսվում էր պոլիկլինիկաներում ծննդօգնության համավճար մտցնել. պոլիկլինիկաներում որոշ ծառայությունների համար` 500-1000 դրամ, իսկ հղիության ախտաբանության համավճարը՝ օրական 5000 դրամ: Պոլիկլինիկաների համավճարը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը: Իսկ հղիներին վերաբերող համավճարը բողոքի ակցիաների հետեւանքով, չեղյալ համարվեց:
«Քանի որ գումարները տարբեր էին նորմալ ֆիզիոլոգիական ծնունդների եւ հղիության պաթալոգիայի դեպքում, այստեղ ավելացել էր պաթալոգիաների թիվը: Եվ մեր նպատակն էր ճշտել, թե որն է սրա խնդիրը: Եվ փաստորեն, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում որոշակի հավելագրումներ են լինում այս կապակցությամբ: Եվ դա կանխարգելելու առաջարկներից մեկն այն էր, որ որոշակի խավերի համար՝ ունեւոր խավերի համար, դնել որոշակի համավճար: Պետությունն էլի իր միջոցներն այդ նպատակներով տրամադրում էր այն չափով, որ չափով նախատեսված եղել է»,-ասաց պարոն Դումանյանը:
Նախարարի վստահեցմամբ, որոշակի անապահով խավը համավճարին չի մասնակցի, այսինքն, նրանց համար բուժսպասարկումն անվճար կլինի. «Մեր խնդիրը չէ նման ծրագրերի տակ գումար ունենալ: Միանշանակ ես ձեզ հայտարարում եմ, հիշո՞ւմ եք, երբ մենք ծննդօգնությունը դարձրեցինք մարզային կտրվածքով, տեղայնացրեցինք, բոլորին թվում էր, թե մեր նպատակն է, որպեսզի լրացուցիչ գումար գա համակարգ: Բայց մինչեւ այսօր, շուտով մեկ տարին կլրանա, որեւէ վճարովի ծնունդ Հայաստանի Հանրապետությունում տեղի չի ունեցել: Եվ դրա համար ես ուրախ եմ, մեր նպատակն է, որպեսզի նաեւ տարածքների համաչափ զարգացում լինի, որ տեղի մասնագետները վարձատրվեն»:
Հիշեցնենք, որ նախարարի այդ հրամանները մեծամասամբ կապված էին ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Պարոն Դումանյանն ասաց.«Որեւէ մեկը չի ժխտում, որ այո, դեռեւս ստվեր կա առողջապահության ոլորտում, չնայած որ վերջին 3 տարիներին, 3 անգամ նվազեցվել է ոլորտի ստվերի չափը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ