«Մամուլում շրջանառվող այդ սցենարը, համաձայն որի կառավարությունը ցանկանում է օրենքով նախատեսվող վճարը ձեւակերպել որպես պետական տուրք, վկայում է այն մասին, որ «10 տարիների ընթացքում մշակված օրենքը» հաշվի չի առել բազմաթիվ առանցքային խնդիրներ եւ կառավարությունը ցանկանում է կոսմետիկ փոփոխություններով գործարկել այդ փոփոխությունը: Դա նշանակում է, որ օրենքի էությունը մնում է նույնը եւ քաղաքացիները պետք է շարունակեն պայքարը հակասոցիալական այդ փոփոխության դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող այդ լուրերին, թե կենսաթոշակային պարտադիր վճարները կվերածվեն հարկատեսակի , ասաց «Դեմ եմ» խմբի անդամ Դավիթ Խաժակյանը:
Նա նաեւ հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ ամրագրված կլինեն մեկնաբանություններ, որոնք կվերաբերեն օրենքի էությանը եւ հնարավորություն չեն ընձեռի կառավարությանը քողարկել հակասահմանադրական դրույթները:
«Եթե «բարեփոխումը» ձեւակերպվի որպես հարկատեսակ, ապա պետք է դիտարկել նաեւ հարկային բեռի համաչափությունը քաղաքացիների սոցիալական վիճակի նկատմամբ»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
«Դեմ եմ» խմբի անդամը կարեւորեց նաեւ այն գիտակցումը, որ Սահմանադրական դատարանի շրջանակներում պայքարը ընդամենը հերթական հանգրվանն է, եւ օրենքին դեմ քաղաքացիների դիրքորոշումը արտահայտվելու է ընձեռնված հնարավոր միջոցներով:
Կարդացեք նաև
«Սահմանադրությանը հակասող ենք համարում ոչ միայն պարտադիր բաղադրիչը, որպես վճարի տեսակ, այլեւ տարիքային խտրականությունը, որը առկա է օրենքում, եւ դրանից բխող իրավական վիճակի վատացումը»,- հավելեց Դավիթ Խաժակյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ