Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու քո տունը չես կառուցում. դու կառուցում ես էներգետիկ օբյեկտ»

Մարտ 06,2014 16:28

«Ես զարմանում եմ, որ մարզպետից սկսած` պաշտոնյաները բացատրություններ են տալիս, ոչ թե պետք է բացատրություններ տան, այլ կասեցնեն անօրինական գործունեությունը, կազմվի նախագիծ եւ  հասարակական լսումներ անցկացվեն, եւ եթե տվյալ տարածքի բնակիչները  դեմ արտահայտվեն, ապա այդ նախագիծը չպետք է կառուցվի»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Օհանավան եւ նրան հարակից 6 գյուղերի մոտ կառուցվող փոքր ՀԷԿ-ի խնդրին, ասաց «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զառաֆյանը:

Նշենք, որ արդեն որերորդ անգամ այդ գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպում` մտահոգություն հայտնելով, որ կառուցվող ՀԷԿ-ի պատճառով իրենց այգիները կզրկվեն ջրից: Գյուղացիները վստահեցնում են, որ տարածքն առանց այդ էլ սակավաջուր է: Այսօր էլ, «Ա1+»-ի տեղեկացմամբ, Օհանավանի եւ մյուս գյուղերի բնակիչները փակել են Երեւան-Ապարան ավտոճանապարհը` պահանջելով չեղյալ հայտարարել ՀԷԿ-ի կառուցումը:

Տիկին Զառաֆյանի խոսքերով` «Դա հերթական անօրինական կառույցն է, որը չի անցել նախատեսված փորձաքննություն, նախագիծ չկա, ուղղակի օդի մեջ խոստումներ են տալիս եւ այն մարդիկ որոնք, որ  ի պաշտոնե պետք է պատասխանեն եւ կասեցնեն այդ անօրինական գործունեությունը, մի բան էլ բարեխոսում են, որ կառուցվի: Փոխանակ նախագծից խոսեն, բայց չեն խոսում, որովհետեւ նախագիծ չկա, միայն ասում են` սա չի լինի, նա չի լինի»:

Ինգա Զառաֆյանի ներկայացմամբ, շինարարության թույլտվությունը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ այլ փաստաթղթերի առկայությունը դեռեւս բավարար հիմք չէ, որպեսզի ՀԷԿ-ը կառուցվի. «Մենք ի՞նչ է, լրիվ անօրինակա՞ն ենք դարձրել, եթե այդպես է, ուրեմն թող մեր բնապահպանության նախարարությունը ընդհանրապես փակեն: Ի՞նչ է նշանակում դու փոքր ՀԷԿ ես կառուցում, ցույց ես տալիս ինչ-որ շինարարության թույլտվություն եւ այլն ու սկսում ես ՀԷԿ-ը կառուցել, դրանք նախնական փաստաթղթեր են, որոնք որ դեռ պետք է ներկայացնես բնապահպանության նախարարություն, որպեսզի ստանաս կամ չստանաս դրական կամ բացասական եզրակացություն: Դրանք պետք է  փորձաքննություն անցնեն եւ մինչեւ դու այդ հիմնական փաստաթուղթը չես ստացել, դու իրավունք չունես գնաս այնտեղ ՀԷԿ կառուցես: Դու քո շենքը չես կառուցում, որ սահմանափակվես դրանով, դու կառուցում ես էներգետիկ օբյեկտ , որը կարող է վնաս պատճառել, եւ որը օգտագործում է ջրային ռեսուրսներ, առանց բնապահպանության  նախարարության եզրակացության ընդհանրապես իրավունք չունես ոչինչ սկսել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31