Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում (ԴԱՀԿ) այժմ քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք փորձում են ապացուցել, թե իրենք կատարել են վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին որոշումը: Պատճառը Վարչական դատավարության նոր օրենսգրքի ընդունվելուց հետո վարչական պատասխանատվության ենթարկվելու որոշումները կատարելու ոլորտում որոշակի փոփոխություններն են:
Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ իրենք օրենքի նախագծի քննարկման ժամանակ բազմիցս նշել են, որ այդ փոփոխությունները հակասահմանադրական են, սակայն «օրենքի հեղինակները պնդեցին ու օրենքը անցկացրին»:
Պարոն Զեյնալյանը նշեց. «100 դրամ չվճարելու համար անձը 15.000 դրամ պատասխանատվության է ենթարկվում: Պատճառն այն է, որ տուգանքը ոչ թե դատական կարգով է բռնագանձվում, այլ ԴԱՀԿ-ի միջոցով»:
Ավելի մանրամասնելով` պարոն Զեյնալյանը տեղեկացրեց, որ վարչական ակտերն այսուհետ ոչ թե դատական կարգով են կատարվելու, այլ, երբ վարչական ակտը մտնելու է օրինական ուժի մեջ, ուղարկվելու է ԴԱՀԿ:
Կարդացեք նաև
Մեր հարցին ի պատասխան` հակասահմանադրական լինելը հատկապես որտե՞ղ է երևում, պարոն Զեյնալյանը պարզաբանեց. «Սահմանադրությունը սահմանում է սեփականությունից զրկելու ձևը. դա կարող է արվել դատական կարգով: Վարչական տուգանքը սեփականությունից զրկել է, որը բացառապես պիտի իրականացվի դատական կարգով: Վարչական որոշ ակտեր խստության աստիճանով, բնութագրիչներով համարժեք են քրեական պատժի, և քրեական պատասխանատվության ենթարկվելիս անձը պետք է ունենա երաշխիքներ, որոնցից մեկն է այն, որ դա իրականացվում է դատական կարգով: Ուստի խեղաթյուրվել է նաև այս սկզբունքը»:
Այս փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ԴԱՀԿ-ն կայացնում է դատական վարույթ անցկացնելու մասին որոշում, այն դեպքում, երբ անձը վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը կատարած է լինում, այսինքն` տուգանքը վճարած:
Մեր հարցին` փաստորեն այսպիսով քաղաքացուց փորձում են լրացուցիչ գումա՞ր գանձել, պարոն Զեյնալյանն այսպես պատասխանեց. «Դա իրականություն է. մարդը 5000 դրամ տուգանքը վճարել է, բայց ԴԱՀԿ-ից նրանից ևս 10000 դրամ գանձում են անում` 5000 վարչական պատասխանատվության գումարը, հինգ հազար դրամ` ծառայության գումարը»:
Հարցին` սա միտումնավո՞ր է արված, թե թափթփվածության, կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք է, պարոն Զեյնալյանն այսպես արձագանքեց. «Սա միտումնավոր է արված: Վարչական պատասխանատվության ինստիտուտը վերածված է դրամահավաքության ինստիտուտի, սա լրացուցիչ հարկատեսակ է, հարկային լրացուցիչ չարդարացված բեռ, որ մարդկանց վրա է դրվում: Սա դարձել է բիզնեսի աղբյուր: Սա վարչական պատասխանատվության ինստիտուտի աղավաղված ընկալում է, մարդկանց մասսայական ենթարկում են վարչական պատասխանատվության, իրավական պետությունում այդպես լինել չի կարող»:
Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նաև մի քաղաքացու դեպք, ով հայտնվել է նման իրավիճակում: Մասնավորապես նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի կողմից որոշում է ընդունվել քաղաքացուն վարչական տույժի ենթարկել, քանի որ նրա ավտոմեքենան «24.09.2013-ին ժամը 14.32-14.42-ին կայանվել է Իսահակյանի փողոցի CAM 12/2/4 հատվածում գտնվող վճարովի ավտոկայանատեղիում, մինչդեռ անձը վճարումը չի կատարել» : Այս որոշումից հետո անձը տուգանքը վճարել է 21.02.2014-ին: Բայց 2014-ի փետրվարի 28-ին ԴԱՀԿ-ն որոշել է հարուցել կատարողական վարույթ և քաղաքացուց գանձել 5000 դրամ, և որպես կատարողական գործողությունների կատարման ծախս` բռնագանձել ևս 5000 դրամ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ