Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ները «ֆեյքերին» ջոկելու համար պետք է ժամադրե՞ն ֆեյսբուքյան օգտատերերին

Մարտ 06,2014 16:02

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել նոր օրինագիծ, որը նախատեսում է, որ այսուհետեւ ԶԼՄ-ները պատասխանատվություն կկրեն Facebook-ի կամ այլ սոցցանցերի անանուն օգտատերերի վիրավորական, զրպարտչական ստատուսները, մեկնաբանությունները հրապարակելու համար: Խոսքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի մասին է:

ԶԼՄ-ն պետք է փորձի տարբերել իրականում գոյություն ունեցող օգտատերերին կեղծ օգտատերերից՝ ֆեյքերից ու ըստ այդմ նրանց վիրավորական գրառումները հրապարակելու դեպքում պատասխանատվություն կրի: Օրինագծում սահմանվում է, որ «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին»:

Aravot.am-ը օրինագծի համահեղինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է ողջամիտ ջանք գործադրելը, ի՞նչ պետք է անի լրատվական միջոցը՝ տվյալ օգտատիրոջը գրի՝ արի ժամադրվենք, հանդիպենք, որ իմանամ դու իրական օգտատե՞ր ես:

Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ «Նախագիծը փորձել է մանրամասնել առկա իրավակարգավորումը: Այսօր էլ լրատվամիջոցի դեմ կարելի է դիմել դատարան, եթե տեղակատվության աղբյուրն անհայտ է: Անհայտը կարելի է մեկնաբանել՝ օրինակ, եթե դու իրեն չես ճանաչում՝ ինքը անհայտ է: Այդ իսկ պատճառով, նախագիծը փորձել է հստակեցնել, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ անձը ում վիրավորել կամ զրպարտել են փորձում է գտնել դա անողին, սակայն չի կարողանում: Ողջամիտ ջանքերը, թե ՀՀ եւ թե՛ ՄԻԵԴ դատական պրակտիկայում մեկնաբանելի են եւ խնդրահարույց չեն: Բեռը կրում է այն անձը ում վիրավորել կամ զրպարտել են, ոչ թե լրատվամիջոցը: Այսինքն ինքը փորձում է հասկանալ, իրակա՞ն մարդ է, թե՞ ոչ, ո՞վ է, հնարավո՞ր է նրան գտնել, նույնականացնել, որպեսզի դիմի դատարան նրա դեմ, ոչ թե ԶԼՄ-ի: Միայն այն դեպքում երբ չի կարողանում, դիմում է ԶԼՄ-ի դեմ, բայց այստեղ էլ ամեն ինչ չի ավարտվում: Ավելին, նախագիծը մեկ քայլ առաջ է գնացել առկա իրավակարգավորումներից եւ հնարավորություն տվել ազատել ԶԼՄ- ին պատասխանատվությունից՝ նույնականացնող տվյալներ ներկայացնելով:

Օրինագծով նախատեսվում է նաեւ, որ լրատվական միջոցը պատասխանատվություն է կրում կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:

Մենք հետաքրքրվեցինք՝ մտավախություն չկա՞, որ 12 ժամվա ընթացքում այդ վիրավորական արտահայտություններն արդեն բավականաչափ տարածված ու կարդացված կլինեն, 12 ժամվա ընթացքում լուրերը սովորաբար լրահոսից դուրս եկած էլ կլինեն, դրանից հետո ի՞նչ իմաստ ունի՝ կջնջի ԶԼՄ-ն, թե չի ջնջի: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լրատվամիջոցին անգամ այդ ժամանակը չի տալիս մեկնաբանությունը հեռացնելու համար: Եթե առկա է վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունը, ապա ԶԼՄ համարվում է պատասխանատու: Նախագծի կարգավորման նպատակը հենց այն է, որպիսի լրատվամիջոցի վրա լրացուցիչ բեռ չդնենք, այսինքն՝ նախնական մոդերացիա անելու պարտականություն: Մեկնաբանության պահով անհայտ կամ հայտնի տարանջատում չկա, ուղղակի խոսքը գնում է այն մասին, որ անձը իրավունք ունի դիմել եւ պահանջել հեռացնել: Լրատվամիջոցի իրավունքն է դա հեռացնել կամ ոչ: Եթե, օրինակ, լրատվամիջոցը վստահ է որ դա սովորական քննադատություն է, այլ ոչ թե վիրավորանք կամ զրպարտություն՝ կարող է եւ չհեռացնել: Ինչ վերաբերում է տասներկու ժամին, ապա նախագիծն ասում է անհապաղ, բայց ոչ ուշ քան տասներկու ժամ, այսինքն լրատվամիջոցը պետք է հնարավորություն ունենա հեռացնի, եթե նա կարող է դա անել ասենք կես ժամ հետո, բայց չի արել նա կհամարի խախտում թույլ տված, դա դատարանում ապացուցման ենթակա հանգամանքներ են: Եթե, ասենք, գիշերը ինչ -որ մեկը գրել է լրատվամիջոցին, որ այս մեկնաբանությունը հեռացրու, բայց լրատվամիջոցը դա տեսել է առավոտյան եւ հեռացրել, բնականաբար այստեղ խախտում չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31