«Ընդհանրապես աշխարհում չկա դեպք, որ ինչ-որ մարմին կարող է գնահատական տալ եւ դրա իրավական հետեւանքը չլինի: Այսինքն՝ գնահատական տվողն ու իրավական հետեւանք առաջացնողը պետք է լինի նույն մարմինը»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն`անդրադառնալով «Վերահսկիչ պալատի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքներում կատարված փոփոխություններին:
Հրայր Թովմասյանի կարծիքով` երբ ՎՊ նախագահը իրավական կամ քաղաքական գնահատական է հնչեցնում, ինքը շատ վատ վիճակում է հայտնվում, ուստի, նախարարի խոսքերով ասած` պետք է ձերբազատել Վերահսկիչ պալատին, որպեսզի նման վիճակներում վերջինս չհայտնվի:
Նշենք, որ կառավարության առաջարկած փոփոխությունների եւ լրացումների փաթեթով Վերահսկիչ պալատի նախագահին եւ անդամներին արգելվում է հաշվետվությունները ներկայացնելիս փաստերի վերաբերյալ քաղաքական կամ իրավական գնահատականներ հնչեցնել: Այսօր կառավարության նիստին այդ առաջարկություններն առանց որեւէ առարկության ընդունվեցին:
Հրայր Թովմասյանի կարծիքով, քաղաքական կամ իրավական գնահատական պետք է լինի Ազգային ժողովի կամ ՀՀ նախագահի կողմից. «Այս երկուսից Վերահսկիչ պալատն ազատված է, եւ սա միջազգային ստանդարտներով է սահմանված: Վերահսկիչ պալատի հիմնական խնդիրն այդ խախտումներն արձանագրելն է եւ ի լուր Ազգային ժողովի, ի լուր բոլորի ներկայացնելը: Վերահսկիչ պալատն օժտված չէ այն մասնագիտական ունակություններով, որ դրանից հետո այդ գնահատականները տա»,-ընդգծեց նախարարը, հավելելով, որ նոր նախագծով ՎՊ հաշվետվությունները ներկայացնելիս ավելի մեծ հրապարակայնություն պետք է լինի, պետք է լսել նաեւ այն կողմին, որն այդ պահին հանդիսացել է վերահսկողության օբյեկտ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ