Փետրվարի 6-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բժիշկ-սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը խոսեց այն խանգարումների մասին, որոնք առաջանում են «չափազանց շատ» աշխատելու հետեւանքով:
Բժիշկը նշում է, որ խնդրի առկայությունը նկատում է նա, ով առավել քիչ է տարված աշխատանքով. «Երբ ամուսնու պարագայում է դիտվում ծանրաբեռնվածությունը եւ սեքսուալ ֆունկցիայի ընկճումը, ապա կնոջ մոտ է առաջանում անհանգստություն, ցանկություն` դիմելու: Այն պարագայում, երբ զույգերից յուրաքանչյուրն է տարված իր կարիերայով եւ աշխատանքային պրակտիկ գործունեության մեջ ընկղմվելով, սա առավել դժվար է լինում լուծել, քանի որ, արդեն, եթե երկուստեք է առաջանում հետաքրքրությունների տեղաշարժ սեքսուալ հետաքրքրությունից այն կողմ, այս պարագայում արդեն դիմելու առումով որոշակի խնդիր է առաջանում»:
«Առավոտի» հետ զրույցում պրն Հակոբյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է այսօր այս հարցն արդիական. «Դիմելիությունը բավականին է ներկայումս, եւ այս պարագայում է հարուցում կարեւորությունը հարցը բարձրացնելու: Ներկայիս հասարակության այս ժամանակահատվածում, երբ հաճախացել են արդեն այդ աշխատանքային պրոցեսի ծանրաբեռնված ռեժիմները, ինֆորմացիոն տեխնոլոգիաների հոսքերի պարագայում նաեւ ծանրաբեռնված աշխատանքային կենսակերպ է նախատեսում անհատի մոտ` հրատապ խնդիր է հանդիսանում: Այսինքն` չափազանց հաճախ հանդիպող խնդիր է, երբ զույգերի մոտ առաջանում է սեքսուալ խնդիր՝ պայմանավորված մեկի կամ մյուսի ծանրաբեռնված աշխատանքով»:
Ըստ Սեւադա Հակոբյանի՝ կարող են առաջանալ թե′ սեռական խանգարումներ եւ թե′ հոգեբանական խնդիրներ. «Շատ հաճախ անհատը, որը ծանրաբեռնված է եւ լիակատար ընկղմվում է իր աշխատանքային գործունեության մեջ, չի կարողանում հերթագայել իր հանգստի եւ աշխատանքային ռեժիմները, տարված է լինում կարիերայով: Հազվադեպ է դառնում սեռական ակտիվությունը, առաջանում են ընտանիքում որոշակի խնդիրներ, միջանձնային լարված փոխհարաբերություններ, ինչը կարող է երբեմն պատճառ հանդիսանալ նաեւ ամուսնալուծությունների: Այս պարագայում խախտվում են օրգանիզմի բիոռիթմիկ կարգավորման մեխանիզմները, ինչը նաեւ պատճառ է հանդիսանում սեռական ցանկության նվազման, սեռական ցանկության նվազումից մինչեւ էրեկցիայի եւ էակուլյացիայի խանգարում»:
Պրն Հակոբյանի խորհրդով, միջանձնային փոխհարաբերությունները կարելի է կարգավորել հոգեթերապեւտի սեքսոլոգիական բուժման միջոցով. «Հատուկ ռեաբելիտացիոն բուժում է իրականացվում, վերականգնողական բուժում, եւ կարգավորվում է անհատի պսիխոէմոցիոնալ ստատուսը»:
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ https://ankakh.com/-ի