Լրահոս
Օրվա լրահոսը

«Համալիր փորձաքննությունները շատ դեպքերում ձեւական բնույթ են կրում»

Մարտ 06,2014 14:38

Փաստաբանը բարձրաձայնում է այն մասին, որ իր պաշտպանյալի նկատմամբ
հարուցված քրգործով նշանակված համալիր փորձաքննությունը բժշկի կամայական
վերաբերմունքի պատճառով չի կայացել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Գեղամ Հ.-ի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Գեղամ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մայիս-հունիս ամիսներին ձեռք է բերել եւ պահել 9.4 գրամ 40 տոկոսանոց «աղաթթու» տեսակի պրեկուրսոր, 2013թ. ապրիլի 27-ին ապօրինի պատրաստել եւ պահել է զգալի չափերով` 0.119 գրամ «ֆենոբարբիտալ» տեսակի հոգեմետ նյութ եւ 0.053 գրամ «կոդեին» տեսակի թմրամիջոց, բացի այդ, նա ապօրինի պատրաստել եւ պահել է զգալի չափերով` 0.07376 գրամ քաշով «կոդեին» տեսակի թմրամիջոց:
Գեղամ Հ.-ի փաստաբան Կարինե Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացնում է, որ դատարանը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին որոշում էր կայացրել իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել համալիր դատանարկոլոգիական եւ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն` պարզելու, թե Գեղամ Հ.-ն որեւէ հոգեկան հիվանդությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ տառապում է, տառապել է, թե ոչ, եթե այո, հարկադիր բուժման կարիք ունի, թե ոչ:
«Գործի քննությունը հետաձգվել էր մինչեւ փորձագիտական եզրակացության ստացումը, փորձաքննությունն ու դրա կատարումը հանձնարարվել էր ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, նարկոլոգիական կլինիկայի փորձագետներին եւ ՀՀ ԱՆ կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովին»,- ասում է փաստաբանը:

Փետրվարի 25-ին նշանակված համալիր փորձաքննությունը, սակայն, փաստաբանի պնդմամբ, չի կայացել. պարզվել է` բժիշկ նարկոլոգը ներկա չի գտնվելու համալիր փորձաքննությանը:

«Պարզվեց, որ այդ օրը նշանակված փորձաքննությանը բժիշկ նարկոլոգը չի գալու, քանի որ ըստ իր պատճառաբանության` ինքը տեղեկացված չի եղել փորձաքննության օրվա մասին, այնինչ ողջ քրգործը դեռեւս դեկտեմբեր ամսին դատարանի կողմից ուղարկվել է համապատասխան կենտրոններ: Ինչեւէ, փորձաքննությունն իրականացվեց դատահոգեբուժական կենտրոնում` դատական հոգեբույժի կողմից միայն: Դատական նարկոլոգին, նրաց տնօրենին իր աշխատակիցների կողմից տեղեկացվելու դեպքում անգամ չապահովվեց դատական նարկոլոգի ներկայությունը: Եվ դա եղավ համալիր փորձաքննություն անցկացնել»,- ասում է փաստաբանը:

Նա նշում է, որ այս պայմաններում դատարանը ստիպված է կրկին որոշում կայացնել` այս անգամ իր պաշտպանյալին նարկոլոգի մոտ տանելու համար:

«Եթե նույնիսկ նա այս անգամ էլ գնա, մինչ գնալը ստիպված է լինելու եւս երկու ամիս էտապավորման սպասել, այնինչ առավելագույնը մինչեւ մեկ տարի ազատազրկում սահմանող այս հոդվածի պայմաններում իմ պաշտպանյալի վերաբերյալ քրգործի քննությունը ձգձգվում է բժիշկների մեղքով»,- բացատրում է փաստաբանը:
Նա հավելում է, որ անկախ դատարանի նոր որոշման` առողջական խնդիրներ ունեցող Գեղամ Հ.-ն չի պատրաստվում կրկին գնալ Երեւան` փորձաքննության` այս անգամ նարկոլոգին ներկայանալու համար:

Փաստաբանը բժիշկների կամայական վերաբերմունքի դեմ բողոք է գրել ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ Լոռու մարզի դատախազին, դատարան` պահանջելով լուծել խնդիրը:

«Կարծում եմ` այս դեպքում հնարավորինս շուտ «Վանաձոր» ՔԿՀ-ում փորձաքննություն անցկացնելը կլինի հարցի լուծման միակ ճիշտ տարբերակը, հակառակ դեպքում համապատասխան մարմիններին առաջարկել եմ հիմք ընդունելով գործում առկա բժշկական փաստաթուղթն այն մասին, որ իմ պաշտպանյալը թմրամոլությունից կախում չունի, քանի որ անցել է բուժման կուրս, դատարանից էլ խնդրել եմ հնարավորինս շուտ կազմակերպել քրգործը փորձագիտական կենտրոնից ստանալը եւ գործի քննությունն ավարտելը: Բացի այդ` նախարարի ուշադրությունն եմ հրավիրել նշանակված եւ չկայացած համալիր փորձաքննությանը` անհրաժեշտ հետեւություններ անելու համար, քանի որ փորձը ցույց է տալիս, որ համալիր փորձաքննությունները շատ դեպքերում ձեւական բնույթ են կրում` ոտնահարելով կալանավորների շահերը»,- եզրափակում է փաստաբան Կարինե Գասպարյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31