Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է մասնակցել հեռուստակամուրջներին՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնության հետ։ Այն տեղի ունեցավ ս/թ մարտի 5-ին եւ տեսագիտաժողովի կազմակերպիչն էր հանդիսանում LECO Corparation կազմակերպության ներկայացուցիչը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։ Տեսագիտաժողովին Փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ մասնակցում էին 20-ից ավելի կազմակերպություններ Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից։ Նշենք, որ LECO Corparation կազմակերպությունը հանդիսանում է ժամանակաթռիչք մասս-սպեկտրասկոպիական (TOF MS) տեխնոլոգիայի եւ առաջավոր ծրագրային ապահովման մշակման, դրանց, ինչպես նաեւ անալիտիկ սարքավորումների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը։ Նշված սարքավորումները կիրառվում են տարբեր հետազոտական բնագավառներում, որը եւ հանդիսանում էր նշված տեսագիտաժողովի թեման։ Տեսագիտաժողովի զեկուցողն էր վերը նշված կազմակերպության մոսկովյան ներկայացուցչության քրոմատոգրաֆիայի եւ մասս-սպեկտրասկոպիայի բաժնի մասնագետ Գյուլնարա Շայդուլինան։ Մեկ ժամվա ընթացքում լսարանին ներկայացվել է տեղեկատվություն LECO Corparation կազմակերպության կողմից արտադրվող նորագույն սարքավորումների եւ դրանց ծրագրային ապահովման, յուրահատկությունների եւ առավելությունների, ինչպես նաեւ սարքավորումների քրեագիտական եւ դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ օգտագործման հնարավորության մասին։ Ըստ տեսագիտաժողովի մասնակից, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանի. «Նորագույն սարքավորումների հետ ծանոթացումը կարեւոր է եւ ստացված տեղեկատվությունը հաշվի կառնվի բարձրտեխնոլոգիական սարքավորումների գնման ժամանակ»։
ԼԱՆԱ ՄՇԵՑՅԱՆ
Փորձաքննությունների
ազգային բյուրոյի մամուլի
պատասխանատու
«Առավոտ» օրաթերթ