Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պետք երկրորդ կինն ունենալու համար. ընտանիքի հիմնախնդիրներից մինչև գենդերային հավասարություն

Մարտ 06,2014 13:37

«Եկեղեցին սրբացրել է ընտանիքի գաղափարը. այն ոչ թե սոսկ պայմանագրային հարաբերություն է, այլ աստվածային հավիտենական սիրով սրբացած ուխտ՝ արտահայտված պսակի խորհրդաբանությամբ»,-այսօր ԳԱԱ-ում «Քրիստոնեական արժեհամակարգը` որպես քաղաքակրթական ընտրություն և արդի մարտահրավերները» շարքի «Ընտանիքը ազգային-քրիստոնեական արժեհամակարգում և արդի մարտահրավերները» թեմայով երկրորդ գիտաժողովի ընթացքում հայտարարեց Եկեղեցական հասարակական հարցերի հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Նա իր խոսքում հակադրեց Արևմուտքի ժամանակակից հասարակական հարաբերությունները քրիստոնեական, մասնավորապես ուղղափառ փիլիսոփայությանը: Այնուհետև շեշտադրում կատարեց ընտանեկան հարաբերություններում ոչ թե կնոջ և տղամարդու իրավունքներին, այլև պարտավորություններին. «Ընտանիքը ենթադրում է փոխադարձ ազատությունների զոհաբերություն, պատասխանատվություն և այլ պատասխանատվություններ: Ես միտումնավոր եմ շեշտադրումը կատարում պատասխանատվությունների վրա»: Հոգևորականը քննադատաբար մոտեցավ ներկայիս գենդերային շարժումներին ու ասաց. «Շեշտադրել կնոջ դերը տղամարդու դերի նվազմամբ՝ ամբողջությամբ անընդունելի է: Մայրության շեշտադրումը բացարձակեցված է ու անգամ պաշտամունքի աստիճանի է հասցված, բայց միևնույն ժամանակ անընդունելի է հայրության արժեզրկումը, որը տեղ է գտնվում այսօրվա տարբեր շարժումների մեջ»:

«Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն Սամվել Նավոյանն էլ քննադատեց գենդերային հավասարության հայեցակարգերը: Ըստ նրա՝ այս հայեցակարգերում կինը կորցնում է իր կանացիությունը, տղամարդը՝ իր առնականությունը: Այնուհետև վիճակագրական տվյալներ ներկայացրեց չամուսնացած կանանց երեխա ունենալու մասին. «Այս վիճակագրությունը, որ ներկայացնում եմ, խոսում է ընտանիքի դերի նվազման մասին: Իսլանդիայում չամուսնացած կանանց թիվը, որոնք երեխա են ունեցել, 64 տոկոս է, Ֆրանսիայում՝ 55, կաթոլիկ Լատինական Ամերիկայում՝ 55-74 տոկոս է հասել, իսկ ուղղափառ Հունաստանում այդ թիվը 15 տոկոս է»:

Գիտաժողովի ընթացքում բանախոսերն իրենց մտահոգությունը հայտնեցին այն մասին, որ շուկայական հարաբերութունների, բաց ամուսնությունների արդյունքում խեղաթյուրվում է ընտանիքի ինստիտուտը, որը ազգային անվտանգությանը լուրջ մարտահրավեր է նետում: Այս առումով կարևորվեց հոգևոր անվտանգության հայեցակարգի գոյությունը: Դատապարտվեցին նաև այնպիսի երևույթներ, ինչպիսին են համասեռամոլությունը, բազմակնությունը: Որպես օրինակ՝ բերվեց այն փաստը, որ, օրինակ, Թունիսում երկրորդ կինն ունենալու համար տղամարդը պարտավոր է այդ կնոջ հաշիվների վրա հարյուր հազարավոր դոլարներ փոխանցել, շքեղ մեքենաներ նրա համար գնել և այլն:

Այնուհետև գիտաժողովի մասնակիցները քննադատեցին նաև այն փաստը, որ որոշ հայ գործիչներ կողմ են արտահայտվել «Հեշտամոլը» ֆիլմի ցուցադրությանը Հայաստանում՝ այն չհամարելով պոռնոգրաֆիա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31