Լրահոս
Օրվա լրահոսը

2013 թվականին առողջապահության նախարարության «թեժ գիծը» ստացել է 7001 հեռախոսազանգ

Մարտ 06,2014 13:31

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացնում էր առողջապահության նախարարության «թեժ գծին» ուղղված քաղաքացիների բողոքների բնույթը: Նրա խոսքերով՝ «թեժ գիծ» ծառայությունը բավականին արդյունավետ է գործում՝ քաղաքացիների վստահությունը տարեցտարի այդ ծառայությունների նկատմամբ շատանում է:

Ըստ պրն Քրմոյանի ներկայացրած տվյալների՝ 2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, «թեժ գիծ» ծառայությունով ստացված հեռախոսազանգերի թիվը ավելացել է 10 տոկոսով. «2012 թվականին «թեժ գիծ» ծառայության միջոցով ստացել ենք 6650 հեռախոսազանգ, իսկ 2013 թվականին՝ 7001 զանգ: Զանգերի 94 տոկոսը տեղեկատվական բնույթի են, իսկ 6 տոկոսը՝ բողոքներ եւ առաջարկներ տարբեր առողջապահական խնդիրների վերաբերյալ»:

Բանախոսի պնդմամբ՝ տեղեկատվական բնույթի զանգերը մեծամասամբ վերաբերում են քաղաքացիների իրավունքներին: Քաղաքացին դիմելով բժշկական հաստատություն՝ ցանկանում է իմանալ, թե ո՞ր ծառայությունն է անվճար կամ արտոնյալ պայմաններով, ո՞ր խմբերը կարող են օգտվել անվճար դեղորայքից:

Պրն Քրմոյանի խոսքերով՝ քաղաքացիների կողմից ստացած բողոքները հիմնականում մի քանիսն են. «0-7 տարեկան երեխաներին առնչվող տեղեկատվական հարցեր եւ բողոքներ ենք ստանում, այն մասին, թե ո՞ր տարիքային խմբի երեխաներն են արտոնություններ ստանում»:

Բողոքները նաեւ վերաբերում էն մասնագիտացված բուժօգնությանը. «2013 թվականին շատ էր խոսվում հերթագրման ինստիտուտի մասին ՝ մասնավորապես քաղաքացիները բողոքում էին, որ անմիջապես իրենց չեն մատուցում բուժծառայություն , այլ միայն հերթագրվելուց հետո: Տեղեկացնեմ, որ պետպատվերի դեպքում, այն հիվանդներին, որոնք անհետաձգելի բուժօգնության կարիք ունեն, բուժհաստատությունը պարտավոր է տրամադրել բուժօգնություն: Իսկ այն հիվանդները , որոնք պլանային վիրահատության կամ բուժօգնության կարիք ունեն, սահմանված կարգով պետք է հերթագրվեն»:

Բողոքների մի մասն էլ վերաբերում է առաջնային բուժօգնության հետ կապված ուղեգրման խնդիրներին. «Բողոքներն այն մասին են, որ առաջնային օղակը հիվանդին չի ուղեգրում հիմնական բուժհաստատություններ: Բժիշկները հայտնում են, որ քաղաքացին այդ պահին հոսպիտալացման կարիք չունի: Մեր խնդիրն է կազմակերպել առաջնային օղակից դեպի հոսպիտալ ուղեգրումը: Խոսքը հիմնականում վերաբերում է մարզերից դեպի քաղաքներ ուղեգրմանը»:

Պրն Քրմոյանը հայտնեց, որ «թեժ գիծը» ոչ միայն քաղաքացիների խնդիրների լուծման համար է, այլեւ ուղղորդված է առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի եւ քաղաքականության բարելավմանը .«2013 թվականին մենք, հենց քաղաքացիների կողմից ստացված զանգերի միջոցով, բազմաթիվ իրավական ակտերում փոփոխություններ ենք կատարել, որոնք նախկինում հաշվի չէինք առել»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31