Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական իրադարձությունները եւ Հայաստանի տնտեսությունը. «Հայոց աշխարհ»

Մարտ 06,2014 13:18
hay ukrainakan

Ռուսաստանն ու Ուկրաինան մշտապես եղել եւ մնում են Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերները։ Ուստի կասկած չկա, որ այս երկրներում տեղի ունեցող զարգացումներին այսպես թե այնպես չի կարող անմասն մնալ մեր երկիրը։ Պատահական չէ, որ արդեն նշմարվում են վերջին ամիսներին Ուկրաինայի քաղաքական անկայունության տնտեսական հետեւանքները։

Մասնավորապես կրճատվել են հայ-ուկրաինական առեւտրային հարաբերությունները։ Եթե անցած տարվա հունվարին Հայաստանի առեւտրաշրջանառության մեջ դրա տեսակարար կշիռը հասնում էր 4,2 տոկոսի, ապա այս տարի հազիվ 2,9 տոկոս է կազմել։ Երկու երկրների ապրանքաշրջանառությունը եղել է ընդամենը 11,5 մլն դոլար՝ նախորդ տարվա 17 միլիոնի դիմաց։

Նվազումը գերազանցապես եղել է ներմուծման հաշվին։ Տարեսկզբին Ուկրաինայից Հայաստան ներմուծումները կրճատվել են ավելի քան 27 տոկոսով. նախորդ տարվա 16 միլիոնի փոխարեն եղել է 10 մլն դոլար։

Որքան էլ կարող է զարմանալի լինել, այնուհանդերձ Հայաստանից այս երկիր արտահանման ծավալը կտրուկ ավելացել է. այն կրկնապատկվել է։ Թեեւ արտահանման ծավալները դեպի Ուկրաինա այնքան էլ մեծ չեն։ Տարեսկզբին դրանք եղել են ընդամենը 1,3 մլն դոլար։

Երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրի ծավալը անցած տարի հասավ մինչեւ 242 մլն դոլարի։ Թեեւ Հայաստանի առեւտրաշրջանառության մեջ Ուկրաինայի մասնակցությունը անփոփոխ էր՝ 4,1 տոկոս, այնուհանդերձ զուտ գումարային առումով աճ արձանագրվեց։ Դա արտահայտվեց ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ոլորտում։

Իհարկե հայ-ուկրաինական առեւտրային հարաբերությունները հիմնված են մեծ մասամբ ներմուծման վրա։ Այն անցած տարի գերազանցեց 226 մլն դոլարը։
Այս երկրից Հայաստանը ներմուծում է ավելի քան 500 անուն ապրանքներ։ Դրանց շարքում ամենամեծ բաժինը պատկանում է սիգարետներին։ Անցած տարի այս երկրից Հայաստան է բերվել ավելի քան 35 մլն դոլարի ծխախոտ։ Ընդ որում, այն կտրուկ ավելացել է՝ շուրջ 40 տոկոսով։

Ուկրաինայից Հայաստանը ներկրում է սննդամթերքի տարբեր տեսակներ՝ քաղցրավենիք, ձեթ, մարգարին (յուրաքանչյուրը մոտ 10 մլն դոլարի սահմաններում)։ Անցած տարի ներքին շուկայում կտրուկ ավելացավ ուկրաինական եգիպտացորենի քանակը։ Այն քառապատկվեց՝ հասնելով շուրջ 8,5 միլիոնի։

Այս երկրից Հայաստան են բերվում նաեւ շինանյութի որոշ տեսակներ։ Մեծ է հատկապես երկաթյա գլանակների եւ ձողերի ներմուծումը։ Այն գրեթե մոտենում է 20 մլն դոլարի։
Ուկրաինական շուկայում հայկական ապրանքների տեսականին մեծ չէ. այն հասնում է 100-120-ի։ Ընդ որում՝ դրանցից մեծ է ընդամենը երկու-երեքի մասնաբաժինը։ Անցած տարի Հայաստանից այստեղ է մուտք եղել ընդհանուր առմամբ 15 մլն դոլարի ապրանք, որից 9,3 միլիոնը էթիլային սպիրտն է եւ այլ սպիրտային ըմպելիքը։ Մեկ միլիոնը գերազանցել է խեցգետնի առաքումը։

Ուկրաինական շուկայում Հայաստանը ներկայացված է եղել նաեւ գյուղմթերքների տեսքով։ Արտահանվել է 600 հազար դոլարի ծիրան, բալ եւ այլ մրգեր։
Ուկրաինայում եւ նրա շուրջ ձեւավորված անկայուն իրավիճակը որոշակի ռիսկեր է ձեւավորել նաեւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների համար։ Թեեւ դրանք այս փուլում դեռեւս չեն արտահայտվում, այնուհանդերձ շարունակվելու դեպքում ազդեցությունն անպայման կլինի։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31