Մարտի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանատանը տեղի ունեցավ Լիտվայի դեսպանի, Շվեդիայի ժամանակավոր հավատարմատարի և ԵՄ անդամ երկրների փոխդեսպանների հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության հետ:
Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսեց ներքաղաքական զարգացումների մասին, ներկայացրեց Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու Կոնգրեսի նկատառումները: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների վրա: Ընդգծվեց, որ իշխանությունները խրախուսում են տնտեսության մենաշնորհացումը:
Ծավալված զրույցի ընթացքում քննարկվեցին ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից Հայաստանի հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության պատճառները: Հատուկ անդրադարձ եղավ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին: ԵՄ ներկայացուցիչները անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
Լևոն Զուրաբյանը ներկայացրեց նաև Կոնգրեսի ջանքերը՝ ոչ իշխանական երեք ուժերի հետ համագործակցության խորացման, գործողությունների համատեղ օրակարգի մշակման ուղղությամբ: Ընդգծվեց Հայ Ազգային Կոնգրեսի վճռականությունը շարունակելու պայքարը Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցեցին Ա. Ավագյանը, Վ. Կարապետյանը, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և ԵՄ պատվիրակության փոխդեսպանները:
ՀԱԿ մամուլի հաղորդագրություն