Լոռու մարզի Ամրակից համայնքի ղեկավար Արթուր Ներկարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Կուտակային ֆոնդի հետ կապված անհրաժեշտ պահումներն արդեն փոխանցվել են։ «Օրինապաշտ մարդիկ են։ Օրենքը ոնց կասի, այնպես էլ իրենք կշարժվեն։ Եթե օրենքը հետո չգործի էդ մարդկանց գումարները հետ կտանք իրենց։ Դրա եղածն ի՞նչ է, որ»,-նշեց համայնքապետը։
Իսկ Կողես համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը վստահեցրեց, որ «օրենքի չեղյալ հայտարարվելուց հետո իր գրպանից կվճարի» աշխատակիցներից պահված գումարները։ «Դե ոչ ոք էլ չի ցանկանում այդ համակարգից օգտվել։ Ստիպված տալիս են։ Գյուղամիջում կանգնած՝ բոլորն էլ դժգոհում են։ Բայց դե ինչ անենք»,- ասաց համայնքապետը։
Տեղեկացնենք, որ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է մարտի 7-ին բողոքի ակցիա անցկացնել ՀՀ ֆինանսների նախարարության մոտ։ Ակցիայի մասնակիցներն այսկերպ պատրաստվում են իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնել ֆինանսների նախարարության «ապօրինի գործողությունների կապակցությամբ»։
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով մարզերում տիրող իրավիճակին ասաց. «Որոշ դեպքերում մարդու իրավունքները ոտնահարվում են։ Փաստորեն ստեղծել են իրավիճակ, երբ գործատուն ե՛ւ կարող է փոխանցել պահումը, որովհետեւ, ցավոք, օրենքի այդ կետը գործում է, ե՛ւ կարող է չփոխանցել, քանի որ այս դեպքում պատասխանատվության չի ենթարկվելու։ Հիմա եթե մարդու իրավունքներն են գերակա շահ դիտարկում, ուրեմն պետք է մարդու իրավունքները հարգեն եւ հարցնեն՝ հարգելի աշխատակից, ինչպես ես ուզում, որ մենք վարվենք՝ պահե՞նք, թե՞ ոչ։ Բայց արի ու տես, որ գործատուներն այդպես չեն վարվում»։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում