Պարզվում է՝ Վարդան Պետրոսյանի քրեական գործով քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական կազմակերպությունը (այս մասին տեղեկացանք Datalex դատական տեղեկատվական համակարգից):
Երեկ «168 ժամը» «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է կազմակերպությունն այս գործով քաղաքացիական հայց ներկայացրել, որքա՞ն գումար է պահանջում և ումի՞ց։ Գ. Խաչատրյանն ասաց, որ վթարի ենթարկված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պատկանում է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակին», իսկ ավտոմեքենայի վարորդը՝ Արթուր Հակոբյանը, իրենց աշխատակիցն է։ Գ. Խաչատրյանի փոխանցմամբ՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հիմնականում իրականացրել է մարզային այցելություններ, քանի որ, ըստ նրա՝ ծրագրերը մարզային են, աշխատակիցները հաճախ մարզեր են գնում։ «Պետական գույքը վնասվելու կապակցությամբ մենք հայց ենք ներկայացրել դեպքի կապակցությամբ վնասը փոխհատուցելու համար,- ասաց Գ. Խաչատրյանը, ավելացնելով,- Դեպքի կապակցությամբ հայց ենք ներկայացրել, դատարանի վճռով ով մեղավոր կճանաչվի՝ նա էլ կվերականգնի գույքը, որովհետև վնասվել է պետական գույքը, կարծում եմ՝ կարգն է այդպիսին»։
Գ. Խաչատրյանից հետաքրքրվեցինք որքա՞ն գումարի պահանջ է ներկայացվել քաղաքացիական հայցով։ «Ես չեմ կարող ասել գումարի չափը, վնասն էլ կորոշեն անկախ փորձագետները և կասեն վնասի չափը», ի պատասխան՝ ասաց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենը։ Նաև հավելեց. «Այսպես թե այնպես, մեղավորն է վճարելու, իսկ մեղավորը որոշում են դատարանի վճռով, այլ կերպ մեղավոր չեն որոշում մեր երկրում, և ընդհանրապես իրավական համակարգում այդպես է»։
Մեր հարցին, թե ոչ աշխատանքային ժամին գրասենյակին պատկանող ավտոմեքենան ինչո՞ւ էր շահագործման մեջ, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Մենք պայմանագիր ունենք վարորդների հետ, մեքենաները պահվում են իրենց մոտ, և իրենք պատասխանատու են մեքենաների համար, որովհետև ԾԻԳ-ը չունի ավտոկայանատեղի, որտեղ մեքենաները կարող են կայանել։ Ժամկետների առումով մենք աշխատում ենք շաբաթվա գրեթե բոլոր օրերին։ Լինում ենք մարզերում, հանդիպումներ ենք ունենում, ծրագրեր ենք իրականացնում մարզերում։ Հնարավոր է, որ գնան-մնան հեռավոր մարզերում 1, 2, 3 օր՝ կախված աշխատանքի բնույթից»։ Գ. Խաչատրյանի խոսքով՝ վարորդները պատասխանատու են մեքենաների պահպանության և այլ հարցերի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում