Հերհերցիների համար Վայք քաղաքին կապող գյուղի ճանապարհը, կարելի է ասել, օդ ու ջրին հավասար մի բան է: Ամռանը շատերի բերքը փչանում է հենց միայն այն պատճառով, որ չեն կարողանում քարուքանդ, տեղ-տեղ փլուզված ու մետրանոց փոսերով ճանապարհով այդ բերքը հասցնել Վայք կամ այլ բնակավայրեր՝ վաճառելու: Ամենագնաց մեքենաները նույնիսկ այդ ճանապարհով մի քանի անգամ երթեւեկելուց հետո խնդիրներ են ունենում: Գյուղացու համար կենսական նշանակության այս ճանապարհը 10-15 տարուց ավել է՝ չի վերանորոգվում: Կառավարությունն ու մարզային իշխանությունները պատճառաբանում են՝ բյուջեում փող չկա: Այն դեպքում, երբ մայրաքաղաքում նոր փռած ասֆալտը հաջորդ սեզոնին կարող է քանդեն, եւ բարեկարգ փողոցը նորից ասֆալտապատեն:
Նախօրեին Հերհերի բնակիչների պահանջով գյուղ էր ժամանել Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Անբարեկարգ ճանապարհի հարցը գյուղացիների կոկորդին է հասել, փոսերն այնքան են շատացել եւ մեծացել, որ ճանապարհի վիճակը փոքր-ինչ թեթեւացնելու համար գյուղացիների միջոցներով տոննաներով լցվող ավազն ու հողը ընդամենը մի քանի օր են դիմանում:
Սեւ, լավ փայլեցրած կոշիկներով, հագած-կապած, թանկարժեք մեքենայով նախօրեին գյուղացիների պահանջով Հերհեր ժամանած մարզպետ Ղազարյանը դժվար թե լիարժեք պատկերացնի, թե գյուղացիների համար որքան կարեւոր է այդ ճանապարհը. համենայնդեպս, մարզպետը սեզոնին իր այգու բերքը չի բարձում հին մեքենան եւ քարուքանդ եղած ճանապարհով չի երթեւեկում: Գյուղացու պես բերքը չի վաճառում եւ եղած փողն էլ տալիս ավտոմեքենան վերանորոգելուն, մինչդեռ այդ գումարով գյուղացին կարող էր մի կարեւոր խնդիր լուծել իր ընտանիքի համար:
Կարդացեք նաև
Հակառակ դեպքում պարոն Ղազարյանը գյուղացիների՝ «ի՞նչ է, մայրաքաղաքի կենտրոնի համար գումար կա՞, որ 4 տարվա ընթացքում երեք անգամ ասֆալտ են անում նույն փողոցը, մեր գյուղի համար գումար չկա՞» դիտարկումներին, չէր պատասխանի, թե՝ Հերհերը 500 բնակչություն ունի, Երեւանը միլիոնուկես:
Նկատենք, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ գյուղացիների հետ հանդիպումներում թեկնածուները մշտապես իրենց պարտքն են համարում հիշեցնելու, որ «հայրենիքը սկսվում է գյուղից», թե «գյուղը մայրաքաղաքը սնողն» է եւ այլն, սակայն խոսքից գործին անցնելու ժամանակ սահմանափակվում են մայրաքաղաքով:
Նշենք, որ այդ ճանապարհից օգտվում են երկու գյուղերի՝ Հերհերի եւ Կարմրաշենի բնակիչները. երկու գյուղը միասին վերցրած ունեն մոտ 1500 բնակիչ:
Հերհերցիների հետ հանդիպման ժամանակ՝ համաձայնելով, որ ճանապարհը «խայտառակ վիճակում» է, մարզպետը ոչ մի հստակ պատասխան կամ ժամանակահատված չի նշել, թե վերջապես, երբ կբարեկարգեն ճանապարհը:
Նրա հաշվարկներով՝ մոտ մեկ միլիարդ դրամ կպահանջվի 18 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին նորոգելու համար, ինչն այս պահին ճոխություն է իրենց համար:
«Ի՞նչ է, կենտրոնի ժողովուրդը ժողովուրդ են, գյուղերի ժողովուրդը ժողովուրդ չե՞ն: Չե՞ք կարող այդպիսի հարցադրումով մոտենալ կառավարությանը»,- մարզպետին՝ կառավարությունից գումար ուզելու իրենց տարբերակն առաջարկեցին հերհերցիները: Ի պատասխան՝ պարոն Ղազարյանն ասաց, որ «պետք է խելամիտ լուծում գտնենք եւ այդ խելամիտ լուծումներով առաջ գնանք»: Ըստ մարզպետի՝ պետք է նախագիծ կազմվի, եւ որից հետո պարզ կլինի, թե ինչի համար որքան փող է պետք. «260 միլիոնը կոպեկ-կոպեկ ենք ծախսում. մի գյուղում 12 միլիոնով ջրագիծ ենք կառուցում, մեկ ուրիշ գյուղում մի փոքր հատված ենք վերանորոգում: Այս գյուղում խմելու ջրագծի խնդիր էլ ունենք»:
«Բայց ճանապարհի հարցը ամենաառաջնայինն է գյուղացիների համար»,- մարզպետին հակադարձեցին հերհերցիները:
Գյուղացիներից մեկի խոսքերով էլ՝ մինչեւ ավտոմեքենայով հասնում են Վայք՝ ճանապարհին մեքենան փոշու մեջ կորում է. «Գային կանգնեցնում է, ասում՝ մեքենադ կեղտոտ է, ու ակտ է գրում»:
Հերհերցիները մարզպետին առաջարկեցին, որ մինչ հիմնանորոգումը գոնե հողալցման աշխատանքներ անեն:
Հերհերը խմելու ջրի խնդիր էլ ունի: Ջրամատակարարման արտաքին ցանցը շուրջ 50 տարվա հնության է, խողովակները ցինկից կամ ասբեստից են՝ տեղ-տեղ վնասված, ինչը բնակիչների համար սանիտարական վտանգ է ներկայացնում:
Հերհերը սնուցող խմելու ջրագիծն ընդհանուր առմամբ 12 կմ երկարություն ունի, իսկ ջրագծից օգտվում է գյուղի շուրջ 330 տնտեսություն։
Հերհերցիները պատմեցին, որ համայնքն ունի բազմաթիվ այլ խնդիրներ եւս՝ մշակույթի տուն, մանկապարտեզ, դպրոցական գույք, գյուղտեխնիկա եւ այլն։
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ