Հայաստանի վարչական դատարանում կասեցվել է հայցվոր Ամալյա Գալուստյանի գործով դատական քննությունը
Ամալյան հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, որով դատարանին խնդրում էր պարտավորեցնել վերոնշյալ վարչությանը՝ իր հետ՝ ք. Երեւան, Մոլդովական 70/1 շենքի 627, 628 սենյակների մասով նվիրատվության պայմանագիր կնքելու: Նախագահությամբ դատավոր Արթուր Ծատուրյանի հայտարարվեց, որ դատարանը պետք է գործը համարի կասեցված, քանի որ Ամալյան եւս մեկ հայց է ներկայացրել վարչական դատարանում՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանի, վարչական ակտի 03.07. 2013թ. թիվ 11 արձանագրության 5-րդ կետն ամբողջությամբ առոչինչ ճանաչելու պահանջով, ուստի դատարանն էլ հայցն ընդունել է վարույթի, որի պատճառով պետք է այս հայցի վարույթը կասեցվի մինչեւ առաջին հայցի վճռի հրապարակման օրը: Դատավորը հարց ուղղեց դատական նիստի ներկայացուցիչներին՝ հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանին եւ պատասխանող կողմի ներկայացուցիչ Թամարա Մուրադյանին, թե՝ արդյո՞ք Ամալյայի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանի, վարչական ակտի 03.07.2013թ. թիվ 11 արձանագրության 5-րդ կետն ամբողջությամբ առոչինչ ճանաչելու գործով նիստը գտնվում է վարույթի մեջ, ներկայացուցիչները պատասխանեցին, որ գործը դեռ գտնվում է դատական վարույթում եւ վճիռը չի հրապարակվել, որով էլ դատավոր Ծատուրյանը կասեցրեց Ա. Գալուստյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության:
Գործը չէր հասնի դատարան, եթե ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն Ամալյայի հետ կնքեր նվիրատվության պայմանագիր:
Խնդիրը հետեւյալն է. Ամալյան նվիրատվության պայմանագիր կնքելու համար դիմել էր վերոնշյալ վարչությանը: Այդուհետեւ, Ամալյան ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից ստացել էր 06.02.2013թ. թիվ 01/13.13/552-13 գրությունը, համաձայն որի՝ Մոլդովական 70/1 հանրակացարանը գտնվում է վարչության հաշվեկշռում եւ այն իրեն նվիրելու համար անհրաժեշտ է վարչություն ներկայացնել որոշմամբ հաստատված կարգում նշված տեղեկանքները: Ա. Գալուստյանն որոշման պահանջներին համապատասխան՝ 12.04.2013թ. դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը եւ խնդրել ք. Երեւան, Մոլդովական 70/1 շենքի 627, 628 հանրակացարանային սենյակների համար իր հետ կնքել նվիրատվության պայմանագիր: Վարչությունը ստացել էր դիմումը, լրացրել էր եւ ներկայացրել ՀՀ ՏԿՆ ՄՊԾ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տրամադրած՝ Ամալյայի կողմից փաստացի բնակության փաստը հաստատող 13.04.2013թ. թիվ 42 գրությունը, սակայն, 19. 04.2013թ. այդ բոլոր փաստացի ապացույցները ձեռք բերելուց հետո, ՀՀ ԿԱ պետական գույքի վարչությունը ներկայացրել է թիվ 01/13.13/2057-13 գրությունը: Գրության բովանդակությունն այն է, որ Ամալյային հայտնել են, թե՝ 627, 628 սենյակներն իրեն նվիրելու հարցը քննարկելու համար անհրաժեշտ է վարչությանը ներկայացնել տեղեկանք՝ վերջին 5 տարվա ընթացքում տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ: Ի պատասխան նշված գրության, 22.04.2013թ. Ամալյան ներկայացրել է դիմում եւ հայտնել, որ 16.04.2013թ. գրությամբ արդեն իսկ ներկայացրել է պահանջվող փաստաթուղթը եւ խնդրել է այն քննել: Պարզվել է, որ Ամալյան իսկապես հինգ տարուց ավելի է, որ բնակվում է այդ սենյակներում՝ սկսած 2005 թվականից: Դա չի բավականացրել ՀՀ ԿԱ պետական գույքի վարչությանը, որի պաճառով էլ այս անգամ հարցում են կատարել ՀՀ ՏԿՆ ՄՊԾ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը, որն էլ իր հերթին հայտնել է, թե՝ Ամալյայի ընտանիքի անդամները համարվել են անհայտ բացակայողներ եւ դրվել է նրա սենյակներից մեկի վերադարձման հարցը: Որպեսզի ընթերցողի համար ակնհայտ լինի, հարկ ենք համարում տեղեկացնել, որ հանրակացարանի սեփականատերը համարվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը եւ հենց այդ վարչությունն է միայն իրավասու որոշելու կնքել նվիրատվության պայմանագիր, թե ոչ: Այդ բոլոր հարցումները, որոնք արվել են ՀՀ ՏԿՆ ՄՊԾ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը, ոչ մի հիմնավորում չունեն: Հավելենք նաեւ, որ Ամալյան ՀՀ քաղաքացի է, սակայն 1992 թվականին տեղահանվել է Մարտակերտից: Հանրակացարանում բնակվել է 2005 թվականից: Ունի փաստացի բնակության հինգ տարուց նույնիսկ ավելի ապացույց, ինչպես նաեւ կատարել է բոլոր կոմունալ վարձավճարները պարտաճանաչ կերպով եւ այդ մասին նույնիսկ ձեռքում ունի հարեւանների փաստացի հայտարարությունը: Բոլոր ապացույցների փաստաթղթերը ներկայացրել է դատարան եւ կցել գործին: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Ա. Գալուստյանն ասաց. «Էլ տեղ չմնաց, որ չմտնեմ ու դուրս չգամ ու էլ փաստաթուղթ չմնաց, որ չներկայացնեմ: Բոլոր իրենց պահանջած թղթերը ներկայացրել եմ եւ ոչ մի թերի բան չկա ու էլի ոչինչ չեն անում: Դրա համար դիմել եմ դատարանին, որպեսզի գոնե այդ միջոցով կարողանամ հաստատել արդարությունը»:
Կարդացեք նաև
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ