Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակային իրավունքներին վերաբերող օրենքները բարեփոխվում են

Մարտ 06,2014 14:18

Կայացած երկրներում ցանկացած գյուտի կամ ստեղծագործության հեղինակային իրավունքի ամրագրումն արագ հարստանալու երաշխավորն է, որը գրեթե միակ ճանապարհն է դիտվում: Սա չենք կարող ասել հետխորհրդային երկրների դեպքում: Ավելին՝ հեղինակային իրավունքի մասին խոսելն անգամ այդ երկրներում, նաեւ Հայաստանում, հեգնանք է առաջացնում: Մինչդեռ, ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ մեքսիկուհի Կոնսուելո Վելասկես Տորրեսը, որը ընդամենը մեկ երգի՝ 1940թ. գրված «Besame mucho» երգի հեղինակն էր, դարձավ միլիոնատեր: Այն թարգմանվեց աշխարհի համարյա բոլոր լեզուներով: Ասում են՝ դեռեւս 19-րդ դարում Եվրոպայում ստեղծագործողի իրավունքները պաշտպանված էին: Դրանք պաշտպանված էին նաեւ խորհրդային տարիներին: Հանրահայտ իրողություն է. Առնո Բաբաջանյանը տարեկան մեկ-երկու անգամ գալիս էր Երեւան եւ ռեստորաններից ստանում իր երգերի կատարման համար վճարվող գումարները:

Այսօր հեղինակային իրավունքների հետ կապված ցանկացած հարց, թեկուզ եղած օրենքների սահմանում, իսկապես խնդիր է դառնում եւ պետության, եւ հեղինակի, եւ ժառանգների համար: Օրինակ, Մինասի գործերի պարագայում հարց է առաջացել, թե ո՞վ է հեղինակային իրավունքի ժառանգորդը՝ պետությո՞ւնը, թե՞ նրա զավակները…

Ժամանակակից տեխնոլոգիաները կյանքն արագորեն փոխել են բոլոր ոլորտներում: Բանն այն է, որ էլեկտրոնային դաշտը դարձել է ասպարեզ ստեղծագործողների համար, ինչը գրեթե անլուծելի խնդիրների առաջ է կանգնեցրել հեղինակային իրավունքի իրավապաշտպաններին: Հետեւելով քաղաքակիրթ երկրներում հեղինակային իրավունքների պաշտպանության խնդրին, վերջերս արձանագրեցինք, որ 2006-ից այդ դաշտում գործող օրենքում կատարվում են բարեփոխումներ: Այս առիթով «Հայհեղինակ» հեղինակային եւ հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարվող հ/կ տնօրեն Սուսաննա Ներսիսյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ աշխարհը վերանայում է գործող օրենսդրական դաշտը եւ ավելի խիստ պայմաններ դնում:

«Համացանցը իր դրական եւ բացասական ազդեցությունն ունեցավ հեղինակային իրավունքների հարցում: Բոլոր միջազգային նորմերով հեղինակները կարող են թույլ տալ եւ արգելել սեփական ստեղծագործության ներկայությունը համացանցում: Հայաստանը եւս վերանայում է օրենքը, որի պատասխանատուն էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող Մտավոր սեփականության գործակալությունն է: Մենք հիմնականում զբաղվում ենք երաժշտական եւ երաժշտա-դրամատիկական ստեղծագործություններով»,- հայտնեց տիկին Ներսիսյանը: Նշեց նաեւ, որ իրենց տեսադաշտում են հայաստանյան թատրոնները, համերգասրահները, TV-ները, ռադիոները, ռեստորանները եւ այլն: Ասաց նաեւ, թե ներկայումս «Հայհեղինակը» 3 հայց ունի դատարաններում՝ կապված ռեստորաններում օրենքը խախտելու հետ: Հարցին, թե, օրինակ, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը, որ բնակվում է ԱՄՆ-ում, ինչպե՞ս պետք է ստանա հանգուցյալ հոր երգերի հոնորարները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համագործակցում ենք աշխարհի մեր գործընկերների հետ, եթե կուզեք իմանալ՝ նաեւ Աֆրիկայի: Ավելին՝ Հայաստանում հնչող Էլթըն Ջոնի կամ Մայքլ Ջեքսոնի եւ մյուս աստղերի երգերի կատարումներից հետո գումար է փոխանցվում համապատասխան կազմակերպություններին»: Իսկ թե ովքեր են հետեւում, ասենք՝ ռեստորաններում հնչող կատարումներին, տիկին Ներսիսյանն ասաց, թե իրենք տեսուչներ ունեն նույնիսկ հանգստի ու զվարճանքի վայրերում: Ինչ վերաբերում է հեղինակների կամ նրանց ժառանգների ստացած գումարի չափին, մեր զրուցակցի խոսքով. «Սահմանված են դրույքաչափեր, բայց գաղտնիք չէ, որ այսօր դասական երաժշտության երեկոներն անցնում են կիսադատարկ դահլիճներում, հետեւաբար շատ եկամուտ չի կարելի սպասել, դրանից բխող հոնորարն էլ, բնականաբար, լինում է ցածր»: Հարցին, թե բոլո՞ր ստեղծագործողներն են իրենց հեղինակային իրավունքները կտակել ժառանգներին, Սուսաննա Ներսիսյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ, սակայն կտակի բացակայության դեպքում օրենք է գործում, ինչի հիման վրա վկայական է տրվում, որը գործում է հեղինակի մահից հետո 70 տարի»:
Մեր զրուցակիցը հատուկ նշեց, որ «Հայհեղինակը» տոնում է կազմակերպության անդամ հեղինակների հոբելյանները, օգնություն ցույց տալիս սոցիալապես անապահով ստեղծագործողներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31