Անկախ զարգացումներից, Ուկրաինական դեպքերի հետեւանքով մտահոգիչ իրավիճակ կստեղծվի նաեւ ԼՂ խնդրում։ Կա տեսակետ, որ եթե Ղրիմը ինքնորոշման անվան տակ անջատվի Ուկրաինայից, սա ավելի կամրապնդի ԼՂ դիրքերը՝ հնարավորություն ընձեռելով հայկական կողմին որպես լավ փաստարկ ունենալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառումը՝ այդպես բացառելով երկակի մոտեցումները։
Նշենք, որ Ղրիմի իշխանությունները մտադիր են մարտի 30-ին անցկացնել ինքնավար հանրապետության ապագա կարգավիճակի մասին հանրաքվե։ Սակայն Ստեփան Սաֆարյանը նշեց, թե ինքն անհիմն է համարում նման տեսակետները։ «Ես չեմ ուզում որակումներ տալ այն գնահատականներին, թե Ղրիմի խնդրում անջատողականությունը նաեւ ԼՂ շահերից է բխում»,- ասաց նա։ Փոխարենը, Ս. Սաֆարյանի կարծիքով, երբ Ուկրաինայի շուրջ մեծանում են ԱՄՆ-ՌԴ տարաձայնությունները, ապա դա կդրսեւորվի նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդների դիրքորոշման վրա։ «Այստեղ կարող է նաեւ հակառակ էֆեկտը լինի։ Ինչպես 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո, ՌԴ-ն իր իմիջը փրկելու համար, որոշի ցույց տալ, թե ինքը խաղաղարար է եւ սկսի ներգրավվել ու ակտիվ առաջնորդել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ 2008թ. հետո հենց ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ակտիվ ջանքերի շնորհիվ մի քանի անգամ անցկացվեցին Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումները, արդյունքում նույնիսկ Սարգսյանը, Ալիեւը եւ Մեդվեդեւը ստորագրել էին Մայնդորֆյան հռչակագիրը՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հետագա շարունակության վերաբերյալ։ Սաֆարյանը, սակայն, կարծում է, որ ի տարբերություն 2008թ., Արեւմուտքն այս անգամ ՌԴ-ին չի տա նման հնարավորություն։ Նրա խոսքերով՝ ՌԴ-ն այս ընթացքում մի կողմից փորձել է մերձեցնել կողմերի դիրքորոշումները, մյուս կողմից, սակայն, զենք է վաճառել Ադրբեջանին։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում