Մարտի 5-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված զորքերի մարտական պատրաստականության խնդիրներին: Նիստը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները՝ իրենց տեղակալներով, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարները, զինկոմիասարիատների, հրետանու, հակաօդային պաշտպանության, կապի, ինժեներական ծառայության, տեխնիկական և թիկունքային ապահովման, ռազմաբժշկական ծառայության և մյուս ոլորտների պատասխանատուները: Գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանի ներածական խոսքից հետո, որում նա անդրադարձ կատարելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընթացիկ և հավանական զարգացումներին, խոսեց նաև քննարկվելիք թեմաների կարևորության մասին և ներկայացրեց օրվա աշխատակարգը, մեկնարկեցին ռազմական խորհրդի պլանով նախատեսված զեկույցները:
Վերջում ռազմական խորհրդի նիստի արդյունքները ամփոփեց հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը: Մովսես Հակոբյանը համարելով այն արդյունավետ և նպատակային, ներկա սպայակազմին հանձնարարեց հետագայում նշված ոլորտներում աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջնորդվել և հաշվի առնել այն ուղենշային եզրահանգումներն ու հետևությունները, որոնք կատարվել են ռազմական խորհրդի հերթական նիստի ժամանակ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն