Լրահոս
Օրվա լրահոսը

Երդվում եմ վարչապետի սիրած այծի պանիրով

Մարտ 06,2014 15:01

Սիրելի ընթերցող բարեկամներ, կյանքիս երկու երրորդն ապրել եմ, սակայն դեռ չեմ կորցրել, եւ Աստված չանի կորցնեմ, զարմանալու ու հրճվելու ընդունակությունս: Այո, զարմանում եւ հրճվում եմ բնության որեւէ նոր հրաշք տեսնելիս, Հենրիկ Մխիթարյանի, Մեսիի կամ Իբրահիմովիչի մի սիրուն հնարք ու գոլ դիտելիս, չեմ դադարում զարմանալ հերթական անգամ, ասենք, Տաթեւ այցելելիս եւ այսպես շարունակ: Մի խոսքով, էս աշխարհում զարմանալու բաներ՝ ինչքան ասես: Մի պահ ինձ թվում էր, թե այլեւս երբեք չեմ զարմանա միայն մարդկանց տխմարության դրսեւորումներից, բայց երբ սկսեցի այս հոդվածաշարը, հասկացա, որ դա չի ստացվի, զի էս երկրում իրենց իշխանություն համարողները չեն թողնում, որ մարդ հրճվանքի րոպեներ ապրի միայն բնության անձեռակերտ եւ մարդկային ձեռակերտ հրաշքները տեսնելով: Բայց ես նաեւ շնորհակալ եմ նրանցից, որովհետեւ ամեն անգամ հոդվածներիս համար «հումք» փնտրելիս ու գտնելիս հրճվում, ծիծաղում եւ քրքջում եմ լիաթոք: Իսկ ծիծաղը, ինչպես հայտնի է, առողջություն է:
Դե, ասեք, ոնց չքրքջաս, օրինակ, երբ Տիգրան Սարգսյանը (նա, եթե չեմ սխալվում, Հայաստանի վարչապետ է աշխատում) ասում է, թե կառավարության կարեւորագույն առաջնահերթությունը մրցակցային արդար դաշտի ձեւավորումն է, եւ ավելացնում. «Մենք կարեւորում ենք այս հանգամանքը, որովհետեւ հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է: Տնտեսական համակարգի շարժիչը տնտեսություն վարող սուբյեկտների համար հավասար պայմաններն են, որոնց ազդեցությունը տնտեսության վրա շատ ավելին է, քան մյուս գործոններինը» (տե՛ս կառավարության կայքում) : Սիրելիներս, ինձ ճիշտ հասկացեք, ես էլ կողմնակից եմ արդար մրցակցային դաշտին, բայց երբ հինգ տարի վարչապետ աշխատած մեկը պաշտոնավարումից հինգ տարի հետո է հասկանում այս պարզ ճշմարտությունը, ապա դա, լավագույն դեպքում, ինքնախոստովանական ցուցմունքի է նման: Ստացվում է, որ անցած հինգ տարում դա առաջնահերթություն չէր կամ ավելի ճիշտ՝ էսպես. անցած հինգ տարում մրցակցային դաշտ չստեղծելու մեղավորը, ասենք, ես էի՝ համեստ բանագետս. բռնել էի վարչապետի կոկորդից, խեղդում էի ու ասում՝ «մի կարեւորեք արդար մրցակցային դաշտը, ամեն ինչ արեք օլիգարխիա բուծելու, մենաշնորհներով ու քվոտաներով տնտեսություն ձեւավորելու համար»: Դե, մեր խեղճուկրակ վարչապետն ի՞նչ աներ, ո՞նց ազատվեր իմ ճիրաններից, ստիպված էդպես էր վարվում… Հիմա որոշել է էլ չենթարկվել ինձ եւ մրցակցային ազատ պայմանները կարեւորել… Ոչինչ, որ միայն կարեւորում է եւ այդ մասին միայն խոսում է, մանավանդ՝ ոչինչ, որ (նորից կարդացեք վերեւի հատվածը) նույն միտքը երկու անգամ տարբեր բառերով իրար հետեւից կրկնում է: Դե, ներողություն արտահայտությանս համար, մարդ է, կարծում է, որ եթե մի բանը տասն անգամ կրկնի, կարող է եւ իրականություն դառնալ: Կարեւորն է, որ ինքը «կարեւորում է հանգամանքը…»: Իսկ մրցակցային դաշտ ստեղծելը կարեւոր չէ: Կարեւորը, կրնում եմ, «հանգամանքը կարեւորելն է»…

Սա դեռ ոչինչ, շատ ավելի զավեշտալի ինքնախոստովանական ցուցմունք է նույն ելույթում նրա արտահայտած հաջորդ, ներողություն արտահայտությանս համար, միտքը. «Կառավարությունն այլեւս իրավունք չունի ձեռքերը լվանալ եւ ասել՝ բիզնեսն ինքը պետք է կարողանա գտնել խնդիրների լուծումները» (նույն տեղում): Խնդրում եմ, էլի, սիրելի բարեկամներ, մտածող մարդիկ, շատ եմ խնդրում, նորից կարդացեք՝ հատ-հատ… «Կառավարությունն այլեւս իրավունք չունի»: Այսինքն՝ մինչեւ հիմա իրավունք ուներ: Եվ ոչ միայն իրավունք ուներ, այլեւ էդպես էլ վարվում էր, ձեռքերը լվացել էր եւ ասում էր, թե բիզնեսը ինքը պիտի տեսնի իր գլխի ճարը: Երդվում եմ Տիգրան Սարգսյանի սիրած հայկական բրենդով՝ այծի պանիրով, եթե ապագայում տնտեսական հանցագործությունների համար սույն կառավարությանը դատելիս լինեն, հենց միայն այս երկու ինքնախոստովանական ցուցմունքները՝ այն, որ հինգ տարի ամեն ինչ արել է մրցակցային դաշտը ջարդելու եւ մոնոպոլիաների իշխանություն ստեղծելու համար, եւ որ ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել (չէ՞ որ կառավարության գործը հենց բիզնեսի համար հարմար միջավայր ստեղծելն է, ոչ թե ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվելը) բավական են մի քանի ցմահ բանտարկության դատավճիռ կայացնելու համար:

Բայց ինձ թվում է՝ մեջբերված երկրորդ հատվածում Տիգրան Սարգսյանը պարզապես լեզվի սայթաքում է ունեցել, նա ոչ թե ուզում էր ասել «Կառավարությունն այլեւս իրավունք չունի ձեռքերը լվանալ», այլ՝ «Կառավարությունն այլեւս իրավունք չունի փողեր լվանալ…»: Դե, ասենք, Կիպրոսի օֆշորային գոտում: Լեզու է, սայթաքել է… Ներեցինք…

Արդեն ուզում էի ավարտել հոդվածս՝ այս անգամ բավարարվելով միայն վարչապետական մտքի փայլատակումներով, երբ աչքովս ընկավ կարկառուն հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ֆանտաստիկ խոսքը, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ասել էր tert.am կայքին տված հարցազրույցում: Սրանից մեկ շաբաթ առաջ 7or.am կայքին տված «հանճարեղագույն» հարցազրույցից հետո (տե՛ս) ինձ թվում էր, թե սույն պարոնն ավելի անհեթեթությունններ էլ չի կարող ասել, բայց պիտի ներողություն խնդրեմ Աշոտ Աղաբաբյանից՝ իրեն թերագնահատելու համար: Tert.am-ին նրա ասածները գերազանցեցին բոլոր սպասելիքները: Հատուկ առանձնացնում եւ առանձին պարբերությամբ եմ ներկայացնում, որ դուք էլ ինձ նման վայելեք այս բառերի մոգական «հմայքը».

«Մեր տիպի երկրներում քանի որ աշխատավարձային մասը շատ ցածր է, եւ պետք է նման միջոցառումները ավելի ուշ լինեն, բայց շատ կարեւոր են այդ միջոցառումները, եւ այդ ամբողջ ապարատը, որ պետք է ստեղծվի մեր համար, որովհետեւ մեր եկող սերնդի, ժողովրդի բարեկեցության համար, դա պատահական չի։ Բոլոր երկրներում էլ կան, ուղղակի այն երկրներում, որտեղ աշխատավարձը ցածր է, մի քիչ դժվար է լինի, բայց բոլոր դեպքերում, իմ կարծիքով՝ ճիշտ քայլ ենք անում» (տե՛ս ):

Կրկին երդվում եմ վարչապետի սիրած այծի պանիրով, երկու օր հրճվել եմ այս խոսքերից ազդված, հիմա էլ՝ նորից կարդում ու էլ չեմ կարողանում գրել, զի ծիծաղից ձեռքերս ինձ չեն ենթարկվում: Նույնը ձեզ եմ կամենում…

Դե, իսկ ավարտելուց առաջ ՀՀ վարչապետ աշխատող Տիգրան Սարգսյանին, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին եւ մյուս իմ սիրելի իշխանական ու իշխանամերձ հերոսներին կրկին ու դարձյալ խորին շնորհակալություն եմ հայտնում՝ հրճվանքիս, ծիծաղիս ու քրքիջիս համար… Եվ խնդրում եմ թախանձագին, շարունակեք ելույթներ ունենալ, հարցազրույցներ տալ ու մեզ զվարճացնել, մեկ է՝ ձեզանից ուրիշ օգուտ վաղուց չենք սպասում…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիվի says:

    դե ասում են մի բան որ շատ ես ասում լինում ա, երևի մեր վարչապետը դրա համար ա մի միտքը տարբեր ձևերով ասում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31