Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգանովը խոստացել է փող տալ

Մարտ 06,2014 14:51

Կոմկուսի կենտկոմի քարտուղարների տիտղոսը դեռ կռվախնձոր է

«Ես իմ ասելիքն ասել եմ կենտկոմում, կենտկոմի պլենումում եւ էլի կասեմ: Ներող եղեք, բայց թերթերով ոչ մի բան չեմ ասելու». սա ՀԿԿ Գյումրու քաղկոմի քարտուղար Գագիկ Մանուկյանի պատասխանն էր «Առավոտի» հարցին` համապատասխանո՞ւմ է իրականությանը մեր այն տեղեկությունը, որ Գյումրու քաղկոմը ՀԿԿ ԿԿ «ինքնակոչ» քարտուղար Տաճատ Սարգսյանին անվստահություն հայտնելու որոշում ունի: Ի դեպ, նման որոշումներ ունեն կոմկուսի այլ քաղկոմներ եւ շրջկոմներ եւս, որոնք առայժմ չեն հրապարակայնացնում` հարցը կուսակցական հարթությունում լուծելու ակնկալիքներով: Թե որքան ջուր կվերցնի Հայաստանի կոմունիստական կուսակցությունում սկսված ներկուսակցական հերթական անհաշտությունը եւ ինչով կավարտվի, կլինի՞ այն երբեմնի հզորագույն այս կուսակցության դե յուրե հրաժեշտը քաղաքական ասպարեզին` ժամանակը ցույց կտա: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Տաճատ Սարգսյանն ընտրվեց առաջին քարտուղար, ինչին կուսակիցները դեմ են: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչո՞ւ են Կոմկուսում դեմ, որ Տաճատ Սարգսյանը լինի ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար, ՀԿԿ կենտկոմի պլենումի անդամ Աշոտ Պապյանն ասաց, որ վերջինիս կուսակցական գործունեությունը չի բավարարում: Բացի այդ, Տաճատ Սարգսյանը դեռ 1991-ին Լենինականի Թատերական հրապարակում պատռել է կուսակցական տոմսը: Հետագայում Վլադիմիր Դարբինյանի քարտուղարության տարիներին ինչ-ինչ եղանակներով հաջողել է կրկին վերականգնվել ՀԿԿ-ի շարքերում:

«Տաճատ Սարգսյանը մոտ տասը տարի Երեւանի քաղկոմի առաջին քարտուղարն է եղել: Այդ տարիների ընթացքում առաջխաղացում չեմ տեսել: Ավելին՝ Երեւանի քաղկոմը նա ընդունել է ինը շրջանային կազմակերպություններով, այսօր, փաստացի, 2-3-ն են աշխատում: Նրա պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Երեւանում երկու անգամ տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվել, ոչ մի անգամ Երեւանի քաղկոմը չի մասնակցել ընտրություններին: Զանազան պատրվակներով խուսափել է: Այս ամենի առկայությամբ, պարզվում է, մարդը ձգտում է դառնալ առաջին քարտուղար: Կուսակցության 37-րդ համագումարում տարբեր ինտրիգների միջոցով դարձավ երկրորդ քարտուղար, հիմա էլ նույն ճանապարհով փորձում է դառնալ առաջին քարտուղար: Այս ամենը հաշվի առնելով՝ մարդիկ, իհարկե, պետք է դեմ լինեին»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Տաճատ Սարգսյանը, ով ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել էր 2013-ի նոյեմբերի 23-ին, ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի` պաշտոնը թողնելու դիմումներից հետո (վերջինս երկու դիմում ներկայացրեց կուսակից ընկերներին. առաջինը մերժվեց, երկրորդը` իր պնդմամբ, ի գիտություն ընդունվեց), շատ կոմունիստների համար անսպասելի, 2014-ի փետրվարի 23-ին կուսակցության պլենումում դարձավ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար: Կուսակցական պլենումն էլ շատ արագ, կարելի է ասել` ոտքի վրա, կազմակերպվեց: Բանն այն է, որ հունվարի 21-ին Տաճատ Սարգսյանը մեկնում է Մոսկվա, որտեղ բախտ է ունենում հանդիպել ՌԴ Կոմկուսի առաջին քարտուղար Գենադի Զուգանովի հետ։ Վերադառնալով Մոսկվայից, խախտելով կուսակցության կանոնադրությունը՝ Տաճատ Սարգսյանը պլենում է հրավիրում ու քննարկմանն է ներկայացնում մի հարց, որը կենտկոմի բյուրոյում ընդհանրապես ներկայացված չի եղել։ Մինչդեռ կուսակցության կանոնադրության համաձայն՝ բյուրոյում լսված հարցերն են տեղափոխվում կենտկոմի պլենում: Իսկ բյուրոյի այդ նիստի օրակարգում ընդգրկված է եղել միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հարցը եւ կուսակցության 39-րդ համագումարի հարցը։ Պլենումի ժամանակ, ըստ մասնակիցների, Տաճատ Սարգսյանը մոտենում է ամբիոնին, գրպանից հանում է իր եւ Գենադի Զուգանովի լուսանկարը՝ իբրեւ իրենց հանդիպման իրեղեն ապացույց, եւ հայտարարում, որ իրենց հանդիպման ժամանակ Գենադի Զուգանովը խոստացել է մոտ ժամանակահատվածում Հայաստանի կոմկուսին լուրջ ֆինանսական օգնություն տրամադրել, բայց մի պայմանով, որ Տաճատ Սարգսյանն ընտրվի ՀԿԿ առաջին քարտուղար, իսկ Երջանիկ Ղազարյանը` երկրորդ քարտուղար: Առանց հաշվիչ հանձնաժողով ստեղծելու, խախտելով կուսակցության կանոնադրության դրույթները՝ Սարգսյանն իր ընտրության հարցը դնում է քվեարկության։ Դահլիճում ժխոր է բարձրանում։ Պլենումի անդամների միջեւ վիճաբանություն է սկսվում, որը սահուն վերաճում է ձեռնամարտի։ Այս ընթացքում Տաճատ Սարգսյանը հասցնում է իր երկրորդ, երրորդ եւ չորրորդ քարտուղարի հարցերը լուծել:

«Կոմկուսի առջեւ այսօր մեկ խնդիր կա` ինչպես անել, որ Կոմկուսը մտնի քաղաքական դաշտ: Նոյեմբերին Տաճատ Սարգսյանը հայտարարել էր, որ մարտին լինելու է կուսակցության համագումարը, բայց ինքն էլ այն հետաձգեց` մինչեւ աշուն: Ձգելով համագումարը, կոմունիստներին խաբելով՝ ցանկանում է իր ծերությունը վայելել այդ մեծ պաշտոնում: Բայց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը ծերությունը վայելելու պաշտոն չէ: ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարն այսօր օրական 24 ժամ պետք է աշխատի»,- ասաց Աշոտ Պապյանը` հավելելով, որ իր ժամանակավոր պաշտոնակատարի հարյուր օրերի ընթացքում Տաճատ Սարգսյանը հասցրել է խախտել բոլոր կուսակցական միջոցառումների գրաֆիկը: Օրինակ՝ սովետական կարգերի հաստատման օրը` նոյեմբերի 29-ի փոխարեն ամսի 30-ին է միջոցառում անցկացրել, փետրվարի 23-ին, սովետական բանակի օրը տոնելու փոխարեն, Սարգսյանը պլենում է անցկացնում ու իրեն հռչակում առաջին քարտուղար: «Պլենումի ժամանակ մեր շրջկոմի քարտուղարներից շատերին թույլ չտվեց, որ մասնակցեն պլենումին: Նրանք, ճիշտ է, պլենումի անդամներ չեն, բայց իրավունք ունեին մասնակցելու: Շատերին՝ անգամ պլենումի անդամներից, չէր հրավիրել: Ես առաջարկեցի, որ մարդկանց թույլ տան մասնակցել պլենումի աշխատանքներին: Տաճատ Սարգսյանն ասաց` ոչ, փակ պլենում ենք անում: Բայց ո՞վ որոշեց, ինչո՞ւ փակ: Ասում է` ապարատը որոշեց: Ապարատն ո՞վ է, որ պլենումի ֆունկցիաներն իր վրա վերցնի: Ապա ինքն իրեն հռչակեց առաջին քարտուղար, ի դեպ՝ չազատվելով ոչ ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղարի, ոչ առաջին քարտուղարի պաշտոնակատարից: Մարդիկ հումոր էին անում` «սամ դեժուրնիյ, սամ դնեվալնիյ` րյադավոյ Ահմեդ»: Ապա` երկրորդ, երրորդ եւ չորրորդ քարտուղարներ հռչակեց: Մարդիկ չորրորդ իշխանության էջերից են իմացել երկրորդ, երրորդ, չորրորդ քարտուղարների անունները»,- պատմեց մեր զրուցակիցը:
«Առավոտը» փորձեց այս առիթով լսել նաեւ Տաճատ Սարգսյանի տեսակետը: Վերջինս այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31