Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը վստահեցնում է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի ռազմավարական նշանակության թիվ մեկ ձեռնարկության՝ Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր ընկերության գործադիր տնօրեն, իր հորեղբորորդի Սասուն Խաչատրյանի հետ այդ ընկերությունից տարիներ շարունակ հափշտակել են տասնյակ միլիոնավոր դոլարներ:
«Վերջերս հրապարակումներ եղան, որ իբր լավ գործարք են կատարել 180 միլիոն դոլարով, բայց այդ գումարը չի մտել ՀՀ պետբյուջե: Փոխանցել են Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր ձեռնարկությանը: Որոտանի կասկադից տարիներ շարունակ բազմաթիվ տեղեր մեծ գումարներ են փոխանցվել «Նաիրիտ» եւ Վանաձորի Քիմպրոմ ձեռնարկությանը, «Սյունիք» բարեգործական հիմնադրամին, որի նախագահը Սուրիկ Խաչատրյանն է: Բա մի հատ պարզեք՝ պետական գումարները հետ եկե՞լ են»,- ասաց պարոն Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ վերջերս «Նաիրիտի» աշխատակիցներն էլ բողոքում էին աշխատավարձեր չստանալու համար. «Ասում են՝ մեզ տարիներով աշխատավարձ չեն տալիս, բայց վարչապետի եղբայրը, որը հիմա Չինաստանում Հայաստանի դեսպան է, մի անգամ ստացել է 42 միլիոն դրամ, բա եկեք պարզենք գուցե մի անգամ չի ստացել մի քանի անգամ է ստացել, գուցե «Սյունիք» հիմնադրամի եւ Վանաձորի Քիմպրոմ ընկերությունից էլ են ահռելի մեծ գումարներ ստացողներ եղել»:
Պարոն Հարությունյանը նաեւ պարզել է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը թողնելուց առաջ Սուրիկ Խաչատրյանը յուրացրել է մարզպետարանի ծառայողական բնակարանը, որը նախատեսված էր Սյունիքի մարզպետերի համար. «Ես զանգահարել եմ առաջին մարզպետ՝ Սուրեն Աբրահամյանին, նա հաստատել է, որ երբ իրեն մարզպետ են նշանակել, Կապանի քաղաքապետարանը իրեն այդ բնակարանն է հատկացրել՝ կահավորված ու նորոգված, ինքը հրաժարվել է՝ ասելով, որ դա պետք է մնա մարզպետարանի ծառայողական բնակարան: Բայց Սուրիկ Խաչատրյանը իր պաշտոնից ազատվելուց կարճ ժամանակ առաջ սեփականացրել է այդ բնակարանը, ինչը հնարավոր է արդեն վաճառած լինի»:
Կարդացեք նաև
Գորիսի նախկին քաղաքապետը պարզել է նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը յուրացրել է նաեւ 1993 թվականին կառավարության որոշմամբ Գորիսի նոր հատակագծի մեջ մտած Գորիսի արեւմտյան մասի ավելի քան 300 հա կարեւոր նշանակության հողատարածքները: Պարոն Խաչատրյանն այդ հողատարածքները հանել է հատակագծից ու սեփականաշնորհել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ