Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակիչ Վաղինակ Հարությունյանն արդեն 20 տարի է անասնապահությամբ է զբաղվում: Ծղուկ գյուղում վարձակալած տարածքում իր ֆերման է հիմնել, որտեղ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է պահում:
ֆերմերի խոսքով՝ անցած տարի ոչ մի կգ միս չի վաճառել, քանի որ մսի շուկայական գինը ձեռնտու չէր իրեն:
«Միսը 1800-1900 դրամով հազիվ է վաճառվում, որը նույնիսկ չարչարանքի գինը դուրս չի բերում: Իմ նպատակն է, որ սարում ունենամ գոմատիպ ծածկոց ու անասունը սարումը երկու ամիս ավել մնա, ներսում պահելու համար ծախս չեմ անի, էսօրվա գների հետ էլ կհարմարվեմ, չարչարանքը գնի համապատասխան կլինի գոնե: Եթե անասունը վեց ամսվա փոխարեն 8 ամիս մնա յայատեղը, միսը 1800 դրամով վաճառեմ՝ վաբշե շահավետ կլինի: էսօր ստիպված հոտը տանում եմ ազատագրված տարածքներ, մայիս ամսին նորից տեղափոխում էստեղի սարերը», – ասաց Վաղինակ Հարությունյանը: Միսը սուպերմարկետներին հանձնելը ռիսկային է համարում, քանի որ սուպերմարկետներում մսի գումարը նախապես չեն վճարում: Ասում է՝ սարերում ծածկոցներ կառուցելը մեծ օգնություն կլինի գյուղացիների համար, այժմ ներդրողներ է փնտրում՝ համաֆինանսավորման սկզբունքով իր գաղափարը կյանքի կոչելու համար: Իր գաղափարը ներկայացրել է նաեւ 2013թ.-ի տարեվերջին Սյունիքում կազմակերպված ներդրումային համաժողովի ժամանակ: Արոտավայրերում ծածկոցներ կառուցելու ծրագիրը լավ տարբերակ են համարում նաեւ շատ անասնատերեր, համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի անասունների գլխաքանակի՝ հետեւաբար նաեւ մսի արտադրության ավելացմանը: «Եթե դոնորներ գտնվեն ու մեզ օգնեն էս հարցում՝ մեր բիզնեսն արագ կզարգանա ու անասնապահությամբ զբաղվողների թիվն էլ կավելանա, եթե չէ՝ գյուղացու բիզնեսը մի քանի տարի դեռ հետ կընկնի էս պայմաններում», – նշում են անասնապահները:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ