2014 թվականի մարտի 3-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը և նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանն այցելեցին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի մարզակառույց: Նրանց ընդունեց կառույցի տնօրեն Յուրի Բեգլարյանը:
Հանդիպման ընթացքում ուսումնասիրվեցին մարզական կենտրոնի, հյուրանոցային համալիրի, մարզադահլիճների հիմնախնդիրները և քննարկվեց վերանորոգման հարցը:
Նախարարը նկատեց, որ կառույցը կարող է ծառայել ոչ միայն տարբեր մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի հանրապետական ուսումնամարզական հավաքների անցկացմանը, այլև Հայաստանի Հանրապետության առաջնությունների և ինչու՞ չէ, նաև միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպմանը: Այնուհետև փաստեց, որ մեզանում նմանատիպ պայմաններ ունեցող կառույցները քիչ են և անհրաժեշտ է առկա հնարավորությունը նպատակային օգտագործել, որպեսզի ուսումնամարզական հավաքներն ու մրցումները հավուր պատշաճի կազմակերպվեն և անցկացվեն: Միայն նորոգ, բարեկարգ ու միջազգային չափորոշիչներին համապատասխան կենտրոն ունենալու պարագայում կկարողանանք կազմակերպել ու անցկացնել միջազգային թե’ հավաքներ ու թե’ մրցումներ:
Շրջայցի ընթացքում նախարարն ակամայից հետևեց մարզասրահում ընթացող գեղարվեստական մարմնամարզության ուսումնական պարապմունքին, իսկ ավարտին զրուցեց դեռատի մարզուհիների հետ և հետաքրքրվեց նրանց նախասիրություններով:
Կարդացեք նաև
Նախարարի այն հարցին, թե ի՞նչ երազանքներ և նպատակներ ունեն աղջնակները, նրանք ոգևորված միաբերան պատասխանեցին, որ կցանկանային նմանվել այնպիսի նշանավոր գեղարվեստական մարմնամարզուհիներին, ինչպիսիք են` Ալինա Կաբաևան, Գալինա Շուգարովան և Իրինա Դերյուգինան:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին