Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի բողոքի քննությանը այսօր ՀՔԾ-ից եւ ՀՀ գլխավոր դատախազությունից ոչ ոք չներկայացավ:
Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը բողոքարկում է ՀՔԾ ու գլխավոր դատախազության անգործությունը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների մասին իր ավելի քան 60 հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու համար:
Դատարանը ներկայացրեց ՀՔԾ-ից ստացված գրավոր պատասխանն ու բողոքի վերաբերյալ առարկությունները, մասնավորապես նշված էր, որ հրապարակումները եղել են Սուրիկ Խաչատրյանի բարեկամների կատարածի վերաբերյալ, իսկ ՀՔԾ-ի լիազորությունների մեջ չի մտնում նախկին մարզպետի բարեկամների կատարածի հիման վրա քրեական գործ հարուցելը: ՀՔԾ-ից խնդրել էին նաեւ դատական նիստը անցկացնել առանց իրենց՝ պատճառաբանելով իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:
Գլխավոր դատախազությունից ընդհանրապես որեւէ պատասխան կամ առարկություն չի ստացվել:
Կարդացեք նաև
Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը առարկեց ՀՔԾ-ի պնդումները՝ պարզաբանելով, որ օրենքով սահմանված կարգով ՀՔԾ-ն կարող էր հասցեագրել իրենց ուղղված բողոքը համապատասխան կառույցին:
Փաստաբանը պահանջեց նաեւ ՀՔԾ-ի առարկությանը կից նյութերը՝ ծանոթանալու համար, որ դատական հաջորդ նիստին ներկայացնի դրանց վերաբերյալ իրենց դիրքորոշումը:
Պարոն Հարությունյանն էլ չհամաձայնեց, որ իր հրապարակումները միայն Սուրիկ Խաչատրյանի բարեկամների կատարած հանցագործություններին են վերաբերել ու պնդեց իր բողոքը, որ ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը անգործության են մատնված:
Նա նաեւ մեկ առ մեկ թվարկեց Սուրիկ Խաչատրյանի ու նրա բարեկամների կատարած գրեթե բոլոր հանցագործությունները, որոնց մասին ավելի վաղ նշել էր մամուլի հրապարակումներում:
Նա նաեւ դատարանին պատմեց, որ մինչեւ նախորդ տարվա հունիսի մեկը Բուդաղյանների նկատմամբ Գորիսում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործությունը, ինքը ակտիվ պայքար է մեղել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հեղինակած բազում հանցագործությունների, քրեական արտասովոր ընթացքի եւ նրա մերձավորների կատարած ոճրագործությունների դեմ. «Իմ համոզմամբ, կազմավորված հանցախումբ են եղել: Քանիցս դիմել եմ Սյունիքի, Գորիսի իրավապահ մարմիններին, դատախազություններին, ՀՀ գլխավոր դատախազներին, ոստիկանապետերին, հանրապետության նախագահներին, կառավարություններին, իսկ անցած տարվա ոճրագործությունից հետո, երբ գնդակահարվեցին հարգանքի եւ վստահության արժանացած Արտակ եւ Ավետիք Բուդաղյանները, էլ ավելի պարտավորված զգացի մեծ ակտիվությամբ դիմակազերծել Սուրիկ Խաչատրյանին եւ ներկայացնել իրավապահ համակարգին, պետական իշխանություններին, միջազգային հանրությանը, թե ինչ հանցագործություններ է նա արել, ով է նա»:
Պարոն Հարությունյանը նաեւ պնդեց, որ իրավապահ մարմինները փոխանակ բացահայտելու, պարտակել են Սյունիքի նախկին մարզպետի հանցագործ ընթացքը. « Իմ ամեն քննադատությունից հետո Սուրիկ Խաչատրյանի պաշտոնը բարձրացնում էին»:
Դատավորի հարցին, թե Սամվել Հարությունյանի թվարկած հանցագործություններից տուժողներ կա՞ն, որոնք հաստատում են կատարվածը, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց. «Տուժողը Հայաստանի հանրապետությունն է, հայ ժողովուրդը, որովհետեւ իմ պաշտպանյալի թվարկած հրապարակումների մեծ մասում խոսքը գնում է Սուրիկ Խաչատրյանի կողմից ընդերքի յուրացման, միլիոնավոր փողեր գրպանելու մասին»:
Դատարանը հետաձգեց հաջորդ նիստը նշանակելով մարտի 12-ին 14:30-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ