«Սխալ հարցումը չի կարող ճիշտ կամ օգտակար պատասխան ունենալ, իսկ ճիշտ հարցման սխալ պատասխանը նույնիսկ կարող է օգտակար լինել»: Այս մոտեցումն է «Ազատ Ֆորում» ծրագրի հիմքում, որը մեկնարկեց այսօր՝ մարտի 5-ին՝ «Էոն» ակումբում: «Ազատ ֆորումն» իրենից ներկայացնում է դասախոսությունների և սեմինարների շարք: Դասախոսությունների շարքի առաջին օրվա բանախոսը 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյան էր, ով անձամբ է նախաձեռնել ծրագիրը:
«Հայաստանում պատմության ընկալման և այն օգտագործելու առումով կան կարծրատիպեր, որոնք ցանկալի է վերացնել և հասարակությանը առաջարկել մտածել այլ կերպ: «Այլ կերպ» ասվածը, սակայն, մտածողության այլ ձևի պարտադրումը չէ, այլ մտածողության այլընտրանքներ փնտրելու հնարավորություն տալը, որն, ի վերջո, կհանգեցնի երկրի իրավիճակի լուծման այլընտրանքային ուղիների ստեղծման հնարավորության»,- կարծում է պարոն Լիպարիտյանը:
Դասախոսությունների եւ սեմինար-քննարկումների խնդիրն է հնարավորություն տալ պատմաբանին, ընթերցողին ու քաղաքացուն հեռանալու առկա կարծրատիպերից, պատմությունը գրելու եւ այն ընկալելու ընթացքում առաջնորդվելու ինքնուրույն, անկախ մտածողությամբ: Ըստ ծրագրի նախաձեռնողի՝ պատմությունը ներկա է մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում եւ օգտագործվում է տարբեր նպատակներով, օգտակար կլինի հասկանալ, թե ինչ է այդ պատմություն ասվածը, ինչպես է այն ստեղծվում եւ, երբեմն, շահագործվում։
Ծրագրի շրջանակներում դասախոսություններ են կարդալու նաեւ պատմաբան, աղբյուրագետ Աշոտ Սարգսյանը, ազգագրագետ, հնէաբան Գայանե Շագոյանը, պատմաբան, բանասեր Համլետ Դավթյանը, արվեստի պատմության դոկտոր Նազենի Ղարիբյանը: «Ազատ Ֆորումի» այս առաջին հավաքը կտևի երեք շաբաթ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ