Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Կառավարությունը ՎՊ-ին «զսպաշապիկ է» հագցնում, իսկ իրեն` ազատություն տալիս

Մարտ 05,2014 19:58

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չներեց Վերահսկիչ պալատի նախագահին, երբ վերջինս անցյալ տարի աղաղակող բացահայտումներ ներկայացրեց տարբեր գերատեսչությունների ֆինանսական չարաշահումների մասին եւ անգամ քաղաքական գնահատական տվեց: Կառավարությունը որոշել է Վերահսկիչ պալատին «զսպաշապիկ» հագցնել` «Վերահսկիչ պալատի մասին» եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով: Վաղը կառավարության նիստին ամենայն հավանականությամբ հավանություն կտրվի այդ փաթեթին:

Առաջարկվող փոփոխություններից մեկով արգելվում է ՎՊ-ի անդամներին քաղաքական գնահատականներ տալ կամ իրավական կարծիքներ հնչեցնել.« Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ՝ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ»:

Կառավարությունն առաջարկությունների իր փաթեթով ՎՊ-ի «բերանն է փակում»,

իսկ գերատեսչություններին` արդարանալու, չարաշահումների «տակից դուրս» գալու հնարավորություն տալիս:

Օրինակ` կառավարությունն առաջարկում է`«Արձանագրությունը կազմելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացվում է վերահսկվող օբյեկտի ղեկավարին՝ ծանոթացման եւ ստորագրման նպատակով: Վերահսկվող օբյեկտի ղեկավարը, ինչպես նաեւ վարչական վերադաս ունենալու դեպքում՝ դրա վերադաս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինն արձանագրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանոթանում են դրա բովանդակությանը եւ իրավունք ունեն ներկայացնելու առարկություններ եւ տալու բացատրություններ` կազմված արձանագրությունում նշված փաստերի, դատողությունների եւ եզրահանգումների վերաբերյալ, որոնք կցվում են արձանագրությանը»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում էլ առաջարկվում է լրացում կատարել` «Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը նախքան Ազգային ժողովի նիստում քննարկվելը քննարկվում է Ազգային ժողովի  համապատասխան մշտական հանձնաժողովում շահագրգիռ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Եթե Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովում քննարկվող հաշվետվությունն առնչվում է համայնքների բյուջեի եւ համայնքային սեփականության օգտագործման հարցերին, ապա տվյալ համայնքի ղեկավարին պետք է հնարավորություն ընձեռվի հանդես գալ այդ հարցերի քննարկմանը», «Եթե Ազգային ժողովում քննարկվող հաշվետվությունն առնչվում է համայնքների բյուջեի եւ համայնքային սեփականության օգտագործման հարցերին, ապա տվյալ համայնքի ղեկավարին  պետք է հնարավորություն ընձեռվի հանդես գալ այդ հարցերի քննարկմանը»:

Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ գործող օրենքում միջազգային ստանդարտներով նախատեսված սահմանափակումներ չկան, իսկ այդ սահմանափակումներն են քաղաքական եւ իրավական գնահատական չտալ,այլ բավարարվել խախտումները վերհանելով:

Վերահսկիչ պալատը կառավարության առաջարկած փոփոխությանը դեմ է արտահայտվել, պատճառաբանելով, որ կառավարությունը հղում է կատարում միջազգային ստանդարտներին, մինչդեռ հենց Գերագույն վերահսկիչ ատյանների միջազգային կազմակերպության (INTOSAI) կողմից ընդունված չափորոշիչների համաձայն Վերահսկիչ պալատր վերահսկողության ընթացքում պետք է իրավասու լինի տալ իրավական գնահատականներ, այդ թվում նաեւ՝ անել եզրահանգումներ հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ անցյալ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ սաստել էր ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանին, ասելով` «Դու քաղաքական գործիչ չես, հասկանո՞ւմ ես, դու պարտավոր ես փաստերն ի հայտ բերել: Մարդ պետք է պատրաստվի ցանկացած պատասխանի եւ հաշվետվության տեմպի տակ չընկնի: Դուք պետք է հասկանաք, որ որեւէ մեկը ձեր կարծիքը չի ակնկալում լսել, բոլորի համար մեկ է՝ դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31