«Իշխանությունն ընդամենը մեր պատվիրակն է, իսկ մենք ասում ենք, թե չենք ուզում»,- կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի և իրենց՝ այս օրենքին դեմ լինելու մասին խոսելով՝ այսպիսի կարծիք հայտնեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: Նա իր զարմանքը հայտնեց, թե որևէ դեմոկրատական երկրում նման բան չի կարող լինել, որ ութսուն տոկոսը դեմ լինի, բայց օրենքը ընդունեն: Նա խոսեց ճնշումների մասին, որոնք իրականացվում են քաղաքացիների վրա: «Դեմ եմ» նախաձեռնության անդամները քաղաքացիներին հորդորեցին ճնշումներին ի պատասխան քայլեր ձեռնարկել: Մասնավորապես կանխիկացնել իրենց աշխատավարձը և մի դրամ անգամ չթողնել քարտի վրա, կամ կոմունալ վճարումները ուշացնել մինչև վերջին օրը:
Aravot.am-ը հետաքրքրվեց ինչպե՞ս են վերաբերում տեղեկատվական ինչ-ինչ հոսքերին, համաձայն որոնց՝ ներկայացվում է, թե իբր կառավարությունը զիջումների է գնալու՝ երկարացնելով օրենքի կիրառման ժամկետը մեկ տարով: Դավիթ Մանուկյանն այս առիթով վրդովվեց. «Այստեղ զիջման կետ չկա, հանրության ութսուն տոկոսը դեմ է, կա Սահմանադրական դատարանի որոշում»:
Դավիթը վստահեցրեց, որ պարտադիրի դեմ պայքարողներն այդ «զիջումը» չեն հանդուրժելու, և պայքարը նոր թափով են տանելու: Այնուհետև հավելեց. «Սա մանիպուլյացիա է, որով ցանկանում են հասարակությանը մոլորեցնել»:
Aravot.am-ը տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց այս իրավիճակում տեղեկատվական մանիպուլյացիոն տարրեր տեսնո՞ւմ է, և ընդհանրապես այս իրավիճակներում ընդունվա՞ծ է նման մանիպուլյացիաների դիմելը: Նա պատասխանեց. «Այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել միայն ինչ-որ պահի շուրջ ուշադրությունը նվազեցնելու համար, օրինակ՝ մարտի մեկի ցույցի դեպքում: Երկարաժամկետ հարցի վերաբերյալ իմաստ չունի նման տեխնոլոգիա կիրառելը»: Մեր այն դիտարկմանը, նման տեխնոլոգիա կիրառվեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող բողոքի ակցիան հանդարտեցնելու համար, արդյոք նման սցենարի իրագործումը հիմա հնարավո՞ր է: Սամվել Մարտիրոսյանն արձագանքեց. «Այս դեպքում այդքան հեշտ չի լինի, քանի որ կառավարությունը լուրջ պլաններ ունի այդ փողերի հետ կապված: Մեծ ճնշում կա կառավարության վրա, մյուս կողմից էլ կառավարությունը պատրաստ չէ դրան»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ